ցավի պահպանման օրենք

Ինձ թվում էր՝ չափից դուրս աշխատելը coping mechanism ա, բայց գնալով ավելի եմ համոզվում, որ ընդամենն ինքնավնասման միջոց ա։ Ի՞նչ տարբերություն կտրել քեզ, թե՞ էնքան գործ ունենալ, որ ուղեղդ ուղղակիորեն չկարողանա մի թեմայից մյուսին թռնել։ Ի՞նչ մակերևութային լարվածության ուժեր կան, ո՞նց լուծել դեԲուրի ալգորիթմը, ո՞նց եմ ուսանողներիս օսցիլոսկոպը բացատրելու, հաստա՞տ Անակոնդան տեղադրել եմ։ Եվ ամենավերջում՝ ինչու են էս նանոխողովակներն էսքան տարօրինակ... Ես դեռ նյութ պիտի գրեի, բա էն բութքեմփի հարցերը։ 

Գլուխս պտտվում էր նույնիսկ մինչև Քրիստիանիա մտնելը։ Ամեն ինչ շատ է, չափից դուրս շատ։ Ուղեղս հրաժարական ա տալիս, բայց տեսանք թե ինչ եղավ վերջին արձակուրդի ժամանակ։ Ինձ հանգիստ չի կարելի, ինձ չափից շատ աշխատել չի կարելի։ Քրիստիանիան սիրուն էր, հետո դառնում ա սարսափելի։ Մի երկու տարի առաջ մենակ Քաոսի ներկայությունը կհանգստացներ, բայց էս մի քանի օրը մտածում էի՝ ի՞նչն էր ինձ իրա հետ կապում։ Մտքերս բարձր են, ուզում եմ հերթական անգամ փախնել ինձանից, աշխարհից։ Մեկ-մեկ քանդվում ա էն պատրանքը, որ արածներումս որևէ բան իմաստ ունի։ Սիրում եմ հավատալ, որ ուզում եմ դառնալ գիտնական, որ սիրում եմ արածս, բայց ամեն ինչ երևի փախուստ ա։ Կամ ուղղակի միջոց, որ ուղիղ ճանապարհն ընտրելու փոխարեն երկար, ոլոր-մոլոր ճանապարհով քայլեմ՝ ընթացքում սունկ հավաքելով։ Տեսնես կա՞ն մարդիկ, որ ապրում են, այլ ոչ թե իրենց շեղում, որ հետաձգեն մահը։

Քրիստիանիայից դուրս սկսում եմ շնչել։ Անընդհատ խոսում եմ կոմունիզմից, բայց ահա, մի երկու ժամ առանց ուրբան ենթակառուցվածքների, ու ես կորցնում եմ ինձ։ Քաոսը ներսում, քաոսը դրսում, քաոսը՝ կողքիս։ Քաղաքում դրոշներ, հրավառություն ու խմբերով քայլող լիքը մարդիկ։ Աշխարհի սկիզբն է, թե՞ վերջը։ Քաոսը գնում ա, ես վերջապես գալիս եմ ՏՈՒՆ։ Լունդում կյանքը ուրիշ ձև ա, Լունդում մի տեսակ ապահով ա։ Լունդն ասես սիմուլյացիա լինի սիմուլյացիայի մեջ՝ չափից դուրս ֆեյք, չափից դուրս անիրական, չափից դուրս ձևված-չափված։ 

Ցավից դուրս, ցավից անջատ ու ազատ կյանք գոյություն ունի՞։ Հասնում եմ կրկին անդունդին ու երազում խաղաղության մասին։ Հոգնել եմ Սիզիփոսը լինելուց, միգուցե կարելի՞ ա որոշ քարեր գցել իմ մեջքից։ Ես նորից սովորում եմ զգացմունքներ արտահայտել ու խոսել դրանց մասին, բայց չգիտեմ ուր ենք գնում։ Կործանումը միշտ կախված ա գլխավերևում։ Liebe ist für alle da - nicht für micht.

Ես նորից ընկնում եմ... Ասում է՝ ինձ ուրիշ բան ես պատմում, բայց քեզ ուրիշ ձև պահում։ Ես էլ չգիտեմ։ Էն ինչ գիտեի իմ մասին, այժմ չգիտեմ։ Իրականության ու իմ ցանկությունների սահմանը չգիտեմ։ Տարածության ու ժամանակի ինչ-որ կետում կա ինքը, բայց էդ կետը լոկալիզացված չի։ Միգուցե հանդիպեինք մեռնելուց հետո, ոնց որ Բորն ու Հայզենբերգը, բայց ես չեմ հավատում այլ կյանքերի։ Ես ցավից դասեր չեմ քաղում, ես գտնում եմ մարդկանց ու սպասում, թե ոնց ա հերթական անգամ սիրտս կոտրվելու։ 

Էներգիայի պես, ցավն էլ ա պահպանվում։ Կյանքը շարունակում ա ոնց կարա ցավացնի, իսկ ես հազիվ կարողանամ դա հոգեկանից ֆիզիկականի կամ ուրիշ տեսակի վերածեմ։ Որ դիմանալ լինի․․․ Սիրի ինձ, մի ցավացրու ինձ, չէ, լավ էլ ցավացրու։ Եկեք տեսնենք իմ լիմիտները, և թե արդյո՞ք կարող եմ ժամանակին արգելակել։ Ինչ-որ տեղ, ինչ-որ ուրիշ կյանքում երջանկությունը միգուցե անհաս փառքի ճամփա չի, բայց հիմա, ատամներդ սեղմի ու գործ արա, մինչև մահը կբաժանի մեզ։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը