մահից հետո կյանք

Անցյալ տարի էս օրերին Սևանի ափին էի՝ փայտաշեն դոմիկում։ Տաք ջուր չկար, գիշերները շորերով, երկու վերմակով ծածկված դողում էի, իսկ ցերեկները՝ երբեմն դողում վախից ու անկարողությունից, երբ մարդկանցից որևէ մեկը առաջնագծից զանգ էր ստանում։

Մարինեն անընդհատ սպասում էր իր եղբորը։ Ամեն օր հերթով զանգում էինք նախարարություններ, հիվանդանոցներ, պետական մարմիններ․ չկար որևէ տեղեկություն։ Մարինեին խոստացա, որ հետը կգնամ եկեղեցի․ ցուրտ էր, չգնացինք։ Մարինեի եղբայրը չկա երևի։

Տիկին Անժելային հանդիպել էի առաջին օրվանից։ Փափուկ խոսքով ու նիստուկացով կին էր։ Պատերազմը նոր էր սկսել, չէի կարողանում որևէ բան ուտել։ Տիկին Անժելաս հրավիրեց իրենց դոմիկ, աշխարհի ամենահամով սուրճը հյուրասիրեց՝

- Գիտե՞ս, երբ մնացածը ոսկեղենն էին փախցնում, ես համեմունքներս վերցրեցի։ Էնքա՜ն լավ վասաբի եմ սարքում։

Մի օր կսարքեմ տիկին Անժելայի կծու կոֆեից։ Երևի։ Տիկին Անժելան ստիպելով մեզ կերակրեց, ու ասում էր, որ ցանկացած պահ միգուցե վերջինն ա։ Ու ամենածանր վիճակում էլ պիտի ապրել կարողանալ։ Պիտի ապրել կարողանալ։ Ծամում էի տիկին Անժելայի պատրաստած կարտոֆիլն ու սմբուկը ու մտածում, որ եթե տիկին Անժելան տունը թողնելով կարողանում է ապրել, ես պետք է ապրեմ, ես պարտավոր եմ ապրել։ 

Լաուռ տատիի համարը կորցրել եմ։ Ինձ էնքան էր ասել Անյուտա, որ արդեն առանց բառ ասելու արձագանքում էի էդ անունին։ Հիշում եմ Լաուռ տատիի գոռոցը ու թե ինչպես փլվեց գետնին՝ էդ հեռախոսազանգից հետո։ Աչքերս քոռանային, չտեսնեի էս օրն ասում էր ու լաց լինում։ Հեռվում սառած կանգնած էի, մի կերպ ֆայմեցի, որ կարելի էր հանգստացնող բերել։ Տղան առաջնագծում էր։ Բոլորն էլ առաջնագծում ընտանիքի անդամներ ունեին։ Երբ մի կերպ ինձ հավաքեցի ու մոտեցա, պարզվեց, որ չի զոհվել Լաուր տատիի տղան։ Էն օրերն էին, որ ծանր վիրավորանքի լուրը հույս էր, հիվանդանոցում կոման հույս էր։ Լաուռ տատը ժպտում էր հաջորդ օրն ու սարքում իր համով ժարիտը․ կապրի, որդին կապրի։  Երևանում մարդիկ արյան ծովեր էին ուզում, իսկ պատերազմում էդքան բան կորցրած Լաուռ տատս ասում էր՝

- Էհ, Անյուտա ջան, էդքան պատերազմ տեսանք։ Գոնե դուք, խոխեքդ պատերազմ չտեսնեք։ Գոնե դուք խաղաղ ապրեք։

Բաժակները խփեցինք, տնական արաղը քաշեցինք գլխներիս, ու Վահանը գլուխը շրջեց, որ չտեսնենք, որ աչքերը լցվել են։ Իմ աչքերը չէին լցվում․ ներսից-դրսից ամեն ինչ ցավում էր, բայց ինձ համոզել էի, որ ուժեղ պիտի լինեմ։ Էմոցիա չարտահայտելը ուժը չի, բայց անհուսության ու անդունդի միջից միգուցե՞ Լաուռ տատին ու պստո Լիլիթիկին հույս տալն էր իմաստս։

Արևիկին շատ էի սիրում։ 4 երեխա էին, հենց հրետանակոծությունները սկսել էր, իրենց մաման վերցրել էր ու փախել ապաստարան։ Արևիկը ու մյուս երեխեքը երգում էին՝ չենք տա Շուշին մենք ուրիշի, իսկ ես կանգնած էի անկյունում՝ 3 տարեկան մի ուրիշ երեխու գրկած, որովհետև չէր իջնում գրկիցս։ Երեխեքը Մարկուսի հետ նկարում էին, ու անընդհատ ուզում էին նկարել զինվորներ ու պատերազմ։ Ինչի՞ երեխեքը պիտի պատերազմ նկարեն։ Համոզեցի, որ նկարեն ծով, նկարեն այլմոլորակայիններ, նկարեն գույներ։ Շուշին դժգույն չի, ու չի էլ եղել, Շուշին Լիլիթը, Աննան, Աշոտն ու մյուս երեխեքն էին, ովքեր էնքան երազանքներ ունեն։ Ովքեր մինչև հիմա մտածում են պատերազմի, պատերազմի ու պատերազմի մասին։

Վերջերս կարդացի, որ արցախցի կինը անհուսությունից երեխաների հետ գնացել ա ադրբեջանի սահման։ Նյութը բացեցի՝ Արևիկի մամայի մասին էր։ Վախեցած զանգում եմ իրենց, պատասխան չկար։ Ամբողջ ցերեկ ինձ պատերին էի տալիս, մինչև հաջողվեց պարզել, որ ապահով են։ Հուսով եմ՝ Արևիկը լավ է։

Ժաննա ծյոծյան 4 տղա ուներ, 4-ն էլ՝ առաջնագծում։ Ինքը ապաստարանում ծեր մոր ու ծեր սկեսուրի հետ էր։ Ընտանիքի համար ուտելիք էր պատրաստում ու ինձ ասում՝ Անյուտ ջան, ինչի՞ պիտի ես էստեղ լինեմ, իսկ 4 տղերքս մահվան դռանը։ Պիտի գնամ բունկեռ, իրանց մոտ լինեմ, մի բան անեմ։ Ժաննա ծյոծյա, բա ես ինչի՞ պիտի էստեղ լինեմ, ինչի՞ պիտի 20 տարեկանները մեռնեն, հը՞ Ժաննա ծյոծյա, հը՞։

Մենք ուզում էինք մեզ օգտակար զգալ, մենք ուզում էինք մի բան անել, որովհետև մեր ու մահի միջև սահմանը ջնջվել էր։ Ցուցակները, ցուցակները, ցուցակները․․․ Ծանոթ անուն չտեսար՝ շնչում էիր հանգիստ, հետո մեղավոր զգում։ Մեղավոր կենդանի լինելու համար, լինելու համար։

Ինձ տանեին, կգնայի, ասում եմ։ Արևիկը ինչ-որ անկյունից լսում ա ու գալիս փաթաթվում՝ չգնաս, խնդրում եմ քեզ, չգնաս։ Մյուս երեխեքն են գալիս։ Լաուռ տատին գրկում ա՝ հիմար բաներ մի խոսա, ոչ մի տեղ չգնաս։ Երբ մի քանի օրից ես ու Դիանը նորից գնում ենք Սևան, արդեն գիտենք որ գնալու ենք։ Ասել էին՝  2 շաբաթվա շորեր հավաքեք էն մտքով, որ հնարավոր ա տուն չգաք։ Դիանը ֆիզիկապես ուժեղ ա, ես դեռ զարմանում եմ, որ ինձ ինչ-որ մեկը վերցնում ա։

Մարկուսն ասում ա՝ ուզու՞մ ես մսաղացի միս դառնալ, թե՞ ուզում ես մարդ սպանել։ Մարկուսի խոսքերն արձագանքում են ուղեղիս մեջ, անդրադառնում, բեկվում ու նորից վերադառնում․ ՈՒԶՈՒ՞Մ ԵՍ ՄԱՐԴ ՍՊԱՆԵԼ։ Եթե խոսքերը լինեին զենքեր, էս կլիներ նազգուլների թագավորի թուրը, որով Ֆրոդոյին խոցում ա։ Սկզբում անտանելի ցավ, հետո՝ էլֆական բժշկություն, բայց միևնույն ա՝ դանդաղ տեղափոխում ա ստվերների թագավորություն։ 

Սևանից էլի գնում ենք, երեխեքն ու տատիները փաթաթվել են ինձ ու Դիանին ու լացում՝ չգնաք, խնդրում եմ չգնաք առաջին գիծ։ Տաքսու վարորդը ներվային սիգնալ ա տալիս։ Ես ու Դիանը՝ կոճղի էմոցիաներով կանգնած ենք, երեխեքով շրջապատված։ Երեխեքը լացում են, երեխեքը զգում են։
Մսաղացի մի՞ս, թե՞ մարդասպան․․․ 

Հ․Գ․ Զ-ն էսօր ասում ա, որ իմ՝ էմոցիաներ արտահայտելը hot ա։ չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ։ Էստեղ գրելը էքսհիբիցիոնիզմ ա, բայց ինձ հույս եմ տալիս, որ ոչ ոք չի կարդում։ Առանց վարագույրի պատուհանների մոտ հանվելու պես․ ինչ-որ մեկը կարող է տեսնել, բայց մտածում ես՝ դժվար։ Նենց տարօրինակ ա, նենց սյուռ ա, նենց անիրական․ անցյալ տարի էս պահին աչքերիս դիմաց միայն մահն էր։ Հիմա մտածում եմ ցուրտ ու մութ ձմեռվա մասին, ու մտածում, թե ինչ սիրուն ա լինելու ամեն ինչ ու թե ինչ սիրուն բան ա նորից սիրել կարողանալը։ Բայց աչքերիս դիմաց դեռ մահն ա։ Նորից ու նորից․․․

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը