պարզուշիտակ

Խոսի՛ր ինձ հետ ինչ-որ պարզ բանի մասին։ Արի չլինենք կարևոր կամ խելացի, արի ուղղակի լինենք։ Անվերջ նայենք կրակին, ջրին կամ էլ էն երրորդ բանին, որ դեռ չենք ընտրել։ Չլինենք ավելի փոքր քան տարրական մասնիկները, ու ավելի մեծ քան տիեզերքը։ Ու արի մոռանանք տարածության ու ժամանակի, գիտության ու սոցիումի մասին։ Արի գոնե մեկ անգամ ուղղակի լինենք` առանց երեկվա, վաղվա ու այսօրվա։ Արի չփորձենք դուրս գալ լաբիրինթոսից, որովհետև միգուցե ելք չկա, իսկ մենք մեզ պատերին ենք տալիս անիմաստ, աննպատակ։

Գիտե՞ս՝ առավոտյան գետնին նստած պլաստիկ շշերից հրթիռներ եմ սարքում, երեկոյան՝ տապալվում գետնին։ Գլուխս պտտվում է կամ էլ երկրի պտույտին էլ չեմ դիմանում։ Խեղդվում եմ ինֆորմացիայի ու անելիքների հոսքի տակ, բայց ոչինչ անելու իմաստ չեմ գտնում։ Արդյոք կա՞ս դու կամ եղել ես երբևէ, թե՞ քեզ էլ եմ հորինել։ Ես որ հաստատ հորինված եմ։

Ես անընդհատ գրում եմ ամեն ինչի ու ոչնչի մասին։ Միաժամանակ։ Պետք է երևի հաշտվել, որ ուղեղիս էս աղմուկը միայն այն ժամանակ կդադարի, երբ դադարեմ ես։ Բայց մենք գիտենք, որ չեմ կարող սեղմել ինձ անջատելու կոճակը։ Նույնիսկ օրացույց եմ սարքել, որի վրա կանաչով նշում եմ օրերը, երբ ընդհանրապես չեմ ուզել մեռնել։ Մի ամբողջ 3-ն են այս ամիս։ 

Չգիտեմ՝ ով ես դու, բայց հեքիաթներ կարդա իմ համար։ Հեքիաթներ էն աշխարհների մասին, որտեղ ամեն ինչ էսքան սխալ չի։  Ինչի՞ էլ հեքիաթներ չեն գրվում։ Ինչի՞ չի գրվում։ Ինչի՞ չեն գրկում։

Ինչու՞ ենք մենք էսքան ծեր ջահել մեռնելու համար ու շատ ջահել` մեր մահով մեռնելու։


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը