Մենություն (ձմեռ)

Քո յուրաքանչյուր քայլ այնքան ցավոտ կլինի, ասես քայլում ես բազմաթիվ դանակների շեղբերի վրայով, որ արնահոսելու աստիճան սուր են։ Ես կօգնեմ քեզ, եթե պատրաստ ես այսպես տառապել։

«Փոքրիկ ջրահարսը», Հանս Քրիստիան Անդերսեն


Ես ջրահարսը չեմ, բայց ամեն քայլ անելուց զգում եմ ցավն ու հիշում քեզ։ Հոգեկան ցավը վերածել ֆիզիկականի․ պետք է հորինել ցավի պահպանման օրենք և կոչել իմ անունով։ Էսպես գոնե ժամանակի ընթացքում դանդա՜ղ թեթևացող ցավը կհիշեցնի, որ սա էլ կանցնի։ Սիրելիս, սա էլ կանցնի, չէ՞։ Ես պատրաստ էի քայլել բոլոր թրերի և դանակների վրայով քեզ համար, բայց ի՞նչ են էդ շեղբերը իմ ներսի փշերի դիմաց․․․ 

        Մի օր ես տեսա լույսն աչքերումդ,
        Բայց հիշողություններիս նման էլ չի լինելու։
        Ես մեկ ուրիշն եմ արդեն, փորձել եմ՝ հետադարձ չկա,
        Ես մոլորվել եմ ձյան դաշտերում՝ իմ տնից շատ հեռու։ [1]

Մտքումս ձյան արահետներն են, իսկ ես ստիպված նայում եմ կոդերին ու հոդվածներին, իրենք էլ՝ ինձ։ Նայում եմ, ոչ թե կարդում կամ գրում, որովհետև միակ զգացողությունը հիմա որ ունեմ զզվանքն ա։ Սիրելի գիտություն, մենք տոքսիկ հարաբերությունների մեջ ենք, ինչու՞ վերջում միշտ քեզ պիտի ընտրեմ, երբ վստահ եմ, որ քո հետ էլ չեմ լինելու։ Էլի վերադառնում ենք սկզբնակետին, երբ ես ավելին չեմ լինելու, ինչ իմ աշխատանքը և օֆիսից դուրս ես գոյություն չեմ ունենա։ Եվ ես կմոռանամ թե ինչ տեսք ունեին աստղերը, որովհետև դրանք ուղղակի լուսային ազդակներ են գիշերային աղմուկում։ Հիշու՞մ ես ինչ սիրուն էին աստղերը հյուսիսային բևեռում։ Հիշու՞մ ես ամենասիրուն երկինքը, հիշու՞մ ես մեզ։

        Քայլի՛ր ափով սառցե երկնքի ներքո՝
        Հոգնած աչքերով և վշտով սաստկացող,
        Կլանի՛ր ստվերները երազի գիտակից,
        Եվ ողբացող ծովը կլռի նորից:

Ես չսովորեցի խոսել, չսովորեցի նույնիսկ գոռալ։ Իմ խոսելն իմ տագնապային նոպաներն են, իմ գոռալը՝ ածելին մաշկիս վրա։ Բաժակը կոտրվեց, հետո՝ ես։ Կոտրված ապակու փշուրները աղբամանում եմ, իսկ ինձ նորից պիտի իրար կպցնեմ ու հետ գցեմ կյանք ասես ոչինչ չի եղել։ Աղբամանում ապակու կտորների կողքին հայտնվում են մազերս ու ծխախոտի մնացորդները։ Եթե հերթական անգամ արտաքինս փոխեմ, միգուցե նայեմ հայելու մեջ ու չհիշեմ, թե ով էի ես մեկ շաբաթ առաջ։ Ինձանից ավելի հեռու ու՞ր փախչեմ։ 

        Կյանքի փոշեհատիկները ծածկված են սպիտակ՝ 
        Գիշերվա խավարում և կուրացնող լույսի տակ։
        Համարյա հասա տուն․ մոտ էի, չափազանց մոտ,
        Բայց նորից միայնակ մնալն է ամենից ցավոտ։

Վիդեոները նայելիս չեմ լացում, ժպտում եմ։ Հաճելի ա հիշել, թե ինչ ուրախ էինք։ Իմ ծիծաղը, քո ժպտալը հիշեցնում ա, որ ինչ-որ պահի, ինչ-որ կետում երջանիկ էինք։ Երջանիկ լինել հնարավոր ա, ոչինչ, որ հետո էսքան պիտի վճարես դրա համար։ Ոնց որ կրեդիտ քարտով առևտուր անելը, բայց առանց բոնուսների․ ոչինչ անվճար չի, հատկապես՝ երջանկությունը։

        Միթե՞ միայն ես եմ արթուն,
        Միթե՞ հենց ե՛ս եմ անէանում,
        Այնքան բան էի ասել ուզում,
        Միթե՞ այլևս իմաստ կա մնալ։

Սառած գետով քայլում էինք ու ոտքս սառույցին դնելով լսեցի սառույցի խրթխրթոցը ու ջրի ձայնը դրա տակ։ Սիրտս կանգնեց՝ աշխարհի ծայրին, գետի մեջտեղում․ ի՞նչ կլիներ եթե սառույցը կոտրվեր։ Գոռում եմ՝ հետ գնա, փորձելով ձայնիս մեջ շատ պանիկա չդնել, որ էլ ավելի չխառնվես։ Իսկ դու ինձ հետո ասում ես, որ միշտ իմ ուզածով եմ անում ու չոր ասում եմ՝ արի։ Ես ուղղակի ուզում էի հոգ տանել քո մասին, որ քեզ երբեք-երբեք որևէ վատ բան չլինի, որ երբեք վատ չզգաս։ Կներես, որ չեմ կարողանում ավելի լավ արտահայտվել, կներես որ էսպես ստացվեց։ Երբ ձյունը հասնում էր ազդրերիս ու ես քայլում էի դեպի մայրամուտը, մտածում էի՝ քեզ գոնե հեշտ է իմ քայլած տեղերով քայլելը։

        Մեզ կսրբի և կտանի պաղ արշալույսը,
        Լսի՛ր մութ կողմի ոռնացող կանչը,
        Այնքան բան էր մնացել անավարտ,
        Աշխարհի բեռը լուռ փշրեց մեռնող լույսը։

Բայց սառույցը չկոտրվեց, անտառից դուրս եկանք, արևը մայր մտավ ու նորից դուրս եկավ։ Ճանապարհի վերջում միշտ տակ տնակն էր, կրակը՝ վառարանում ու դու գրկիս մեջ։ Արդյո՞ք կյանքից ավելին եմ ուզում, արդյո՞ք պետք ա ավելին ուզել։ Միշտ երազել էի Հյուսիսում լինել, իսկ դու իմ հետ եկար աշխարհի ծայրը։

        Մեզ կսրբեն ու կտանեն աստղերը սառած,
        Զգա՛ այրող սառնությունը ձյան,
        Մի օր, երբ գա ամեն բանի վախճանը,
        Եվ անհետանա արահետը ձյան, կլինե՞մ ես տանը։

Կուզենայի հիմա մոլորվել ձյան տակ թաղված անտառում, կուզենայի գետի սառույցը կոտրվեր, կուզենայի հոգիս ծախել որ սատանային պատահի։ Հիմա գիտեմ, թե ինչու են աստղերը սառած և ինչու գիշերը երբեք չի ավարտվում։ Ես գտա ինձ ու հետո միանգամից կորցրեցի՝ ձյան և վշտի երկրում․․․

Հ․Գ․ [1] Wintersun - Winter (Loneliness) երգի բառերը։ Երկար մտածել եմ որ երգը էստեղ դնեմ ու կանգնեցի էս երգի վրա։ Բայց այստեղ կարող եք տեղադրել Յարիի ցանկացած երգ։


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը