եթե սիրտ ունենայի, կլիներ լեռներում

 Ժնևի օդանավակայանից դուրս գալուն պես ավտոբուսի մի վարորդ սկսում է գոռալ՝ Շամոնի՜, Շամոնի՜ գնացող կա, արագ հավաքվեք։ Մինչ ես մտածում եմ էս ինչ չոբանություն էր, մերոնցից մեկն ասում է՝ վաու՜, իսկական մարդ։

Իսկական մարդիկ ու իսկական սարեր։ Դպրոցական ժամանակ Ռոբերտ Բըրնսի «Իմ սիրտը լեռներում է» բանաստեղծությունն էի թարգմանել ու 10 բալանոց համակարգում 11 ստացել։ Անգլերենիս դասատուն չլիներ, երևի ես չէի էլ սկսի գրելը... Ու ինչքան խորանում է Հայաստան վերադառնալ չուզելու ցանկությունը, էնքան շատ եմ հասկանում, որ լեռներում գտնվող սիրտն էդքան էլ պաթոս չի, ու դաշտերին ու հարթավայրերին սիրտս էդպես էլ չի կպնում…

Շվեդիայում կյանքումս առաջին անգամ ստաբիլություն ունեմ, բայց կյանքը ձգվում է երկար ու միապաղաղ ինչպես շվեդական հարթավայրերը՝ ձմեռվա կեսին։ Իսկ ես սովոր եմ կյանքի, որտեղ պետք է անընդհատ սարեր բարձրանաս ու ձորեր իջնես։ Շվեդիայում ոչինչ չի կատարվում, Շվեդիայում առանց էն էլ բթացած զգացմունքներն ավելի են բթանում, ու դարից երկար ձգվում է օրը, հատկապես՝ երբ ամռանն արևը որոշում է մայր չմտնել։

Շամոնիում մարդիկ խոսում են, խոսում անվերջ, իսկ ես մտածում եմ, թե ինչպես ստացվեց, որ հավետ կորցրեցի ֆունդամենտալ ֆիզիկայի սիրունությունը. իսկ ոգևորությունից մնաց միայն սևեռումը։ Արդյո՞ք մարդիկ իրենց ձանձրալի կողմն են ցույց տալիս, թե՞ ուղղակի իրականում ձանձրալի են։ Մութ դահլիճում նստած փորձում եմ կենտրոնանալ պրեզենտացիաների վրա ու մտածում, թե ինչպես եմ էսքան հեռու բնությունից՝ բնության մեջ լինելով։ Բայց կոնֆերանսից հետո երեկոյան առնում եմ գինի ու պանիր, նստում պատշգամբում ու նայում սարերին։ Ուղղակի նայում Ալպերին ու ինձ զգում էն ֆրանսիական գրականության հերոսներից, որ թոքախտավոր ու թափանցիկ են լինում, իսկ իրենց ուղարկում են սարերում կազդուրվելու։ Մատներս քոր են գալիս, ուզում եմ գրել։ Գրում եմ առանց ինձ ստիպելու, գրում եմ, որովհետև պատմություններն իրենք իրենց հայտնվում են ուղեղումս։ Մի պահ երջանիկ եմ։ Երջանիկ, որովհետև կարողանում եմ շփվել ինքս իմ հետ ու էն մեկի, որ սաղ օրը նիհիլիստ ագռավի նման թրև չի գալիս, այլ ապրում ա ու պատմություններ պատմում։


Վերջին օրը խմած ենք. մի կոնֆերանս ժողովուրդ, որ հազիվ նանոլարերից չի խոսում։ Ինչ-որ մեկի մոտ ոգևորված արաբական մետալից եմ պատմում, ու կողքիս նստած նեմեցի ուղեղում չի տեղավորվում, որ հնարավոր ա Սաուդի Արաբիայից մետալ խումբ։ Թանկ գինիներից անցնում ենք էժան գարեջրերին ու շոթերին։ Ես կրկին խմած եմ ու կրկին խոսում պատերազմից։ Շատ խմած եմ, համարյա բան չեմ հիշում, բացի նրանից, որ նստած եմ բիլիարդի սեղանին՝ գարեջրի բաժակը ձեռքիս ու էլի ինչ-որ բան եմ զգում. սովորականի նման էդ զգացածս դառն ա, անմոռանալի, անտարբերության հաստ շերտի տակ։ Կողքս լիքը մարդ ա հավաքված ու գլուխ թափ տալիս, ներառյալ էն սիրուն ֆրանսիացին, որ իմ ամենասիրելի անունն ուներ։ Հետո մեկ ուրիշի պատմում են հեքիաթը, որ էդպես էլ չգրեցի։ Հաջորդ կադրում փողոցում նստած համբուրվում եմ էն աղջկա հետ, որ առաջին օրվանից աչքով-ունքով էր անում, իսկ ես մտածում էի՝ ֆլիրտ ա թե չէ։ Հետո ինձ ճանապարհում է իմ հյուրանոց ու գնում։ Առավոտյան շուտ աբստրակտների գրքում գտնում եմ իր հոդվածը, որ անունն իմանամ։ Սիրուն անուն էր։

Մտածում եմ՝ ոչինչ ինձ չի ստիպի հաջորդ տարի էլ գնալ, բայց հետո հայտարարում են, թե որտեղ է մյուս տարի լինելու. ամերիկայում իմ ապրած գեղից մի երկու ժամ հեռու։ Սրտումս մի բան իրան զգացնել ա տալիս ու ևս մի անգամ հիշում եմ բոլոր այն տեղերը որ եղել են տուն, բայցև չեն եղել։ Էն բոլոր տեղերն ու մարդկանց, որ սիրել եմ, բայց առանց վերադառնալու հույսերի։

Սաստիկ պախմելով Ժնև հասնելով հասկանում եմ, որ քաղաք առանց մտնելու էլ սիրում էի, որովհետև իրեն սիրում էին Վրդոն ու Մարիօն ու սիրուն բաներ էին պատմում էնտեղից։ Քայլում եմ ու ամեն ինչ ինչ հիշեցնում է նանոխողովակներին և նանոխողովակներին։ Կ.-ն ասում է, որ չի կարողանա գա, բայց ես չէի էլ սպասում որ կգար. վաղու՜ց դադարել եմ հավատալ մարդկանց խոստացածներին։ Բայց երբ զարթնում եմ հաջորդ առավոտյան, գրում է, որ արդեն հասնում է։ Մի օրվա մեջ մի քանի ժամ ծախսելով եկել է ուրիշ քաղաք՝ անծանոթ ռենդմ մեկին տեսնելու։ Ժպտում եմ ու հետ էլի եմ ժպտում։ Գետի ափին հաց ու հումուս ենք ուտում ու մտածում եմ էն մասին, թե էս մեծ-մեծ աշխարհում ինչքան հազվադեպ ենք հանդիպում մարդկանց, ում հասկանում ենք, ում հետ ձևեր թափել անհրաժեշտ չի, ովքեր լսում են քեզ ու իրենք էլ պատմություններ ունեն։ Հերթական անգամ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում, որոնց երևի թե երբեք նորից չեմ հանդիպի։  Չեմ ուզում մտածել, թե որ մի դիմակս պետք է հագնեմ, երբ վերադառնամ կյանքին, որտեղ չեղած զգացմունքներն ավելի են չեղարկվում։ 

Ինքնաթիռում կողքիս նստած բրազիլաշվեդի հետ մայրամուտով ենք հիանում ու խոսում էն մասին, թե ինչպես ա ամեն ինչ ստից Շվեդիայում։ Պետք ա վերադառնալ կյանքին, որտեղ հույզերն էնքան հարթ ու միապաղաղ են, ինչպես շվեդական դաշտերը ձմեռվա կեսին...

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը