սրտխառնոց

Նորից դադարեցի գոյություն ունենալ։ Նորից կորցնում եմ ինձ, ինչպես անընդհատ կորցնում եմ իրերս, բանալիներս ու բանականությունս։

Ես կրկին սև արկղ հիշեցնող սենյակում եմ, ուր չկան լուսամուտներ ու շնչելու օդ, ուր սև են պատերն ու պահարանները։ Սև են առարկաները պահարանների միջի, որ խավարի միջից աչքով են տալիս: Պատերն ուզում են սեղմել ինձ․ միգուցե վերջապես հողեղեն եղածս նորից դառնա հող։

Սև արկղ-սենյակից դուրս լույսը կուրացնում է։ Երկնքում նորից աստղեր կան․ ես կարո՛ղ էի երկնքից աստղերը բերել։ Բայց ուզում եմ դառնալ աստղափոշի, թեև անդադար սրբում եմ փոշին հիշողությունների վրայից ու հետ խցկում դարակները, ուր լույսի ոչ մի շող չի ներթափանցում։

Թափանցում եմ ստվերների աշխարհ, բայց էնտեղ էլ ինձ սպասող չկա։ Ճանապարհների խաչմերուկում տարիներ շարունակ կանգնած չեմ կարողանում ընտրել ուր գնալ։ Ու՞ր է էն չարքը, որ կառնի հոգիս․ ծախել չեմ ուզում, անվճար էլ կտամ։ 

Ապրելու վճարն ու էներգիան ա մեծ։ Ասես հսկա ճոճանակ, որ տատանվում ա երկու բևեռների մեջ։ Որ բևե՞ռն է իմը, թե կարևոր է ուղղակի բևեռացված լինելը։ Կարևոր է ուղղակի լինելը, որն ինձ մոտ չի ստացվում ու երբևէ չի էլ ստացվել։

Բայց քո կյանքը ստացվում է, ասում է ինձ հոգեբույժս, ասում է ինձ հոգեբանս․․․ Աշխատանք ունես, ընկերներ ունես, նույնիսկ հարաբերություններ ես ունենում։ բլա-բլա-բլա։ Չեմ լսում, չեմ լսում, չեմ հասկանում թե ոնց եմ համակարգում չտեղավորվելով էսքան ֆունկցիոնալ։ Ինձ ասում են կյանքդ նորմալ է, երբ ամեն ինչ անէանում է շուրջս և երբ ամեն անգամ վերադառնում եմ նույն կետին, երբ հանկարծ փլվում են ստեղծածս բոլոր միֆերը, և ուղեղումս միայն մի միտք է մնում։ Մնում եմ ես ու մեռնելու ցանկությունը, խեղդող, վառող, վայրկենական ցանկությունը։

 Ու ես նորից էդ ցանկությունը պահում եմ ներսում ու բերանս մինչև ականջներս բաց զրուցում մարդկանց հետ, ասես ես չեմ որ մի ուղղությամբ տոմս եմ ման գալիս դեպի դժոխք։ ։ Ես դասի եմ, և խոսում եմ նոր տեխնոլոգիաներ փորձարկելու մոտիվացիայից, երբ միակ փորձարկումը որ ուզում եմ անել, տարբեր քնաբերների ու ալկոհոլի համադրությունն է։ Ես ուսանողներիս ոգևորված բացատրում եմ, թե ինչ ալգորիթմներ օգտագործել, երբ միակ ալգորիթմը, որ ուզում եմ էդ հնարավորինս անցավ ու հնարավորինս արագ ռադ լինելն ա։ Ես եղանակներին համահունչ պրեզենտացիաներիս մեջ լիքը գույներ եմ լցնում, որ ինչ-որ կերպ ծածկի խավարը․․․

Կյանքից սիրտս խառնում է։ Ու ոչ սա ուղղակի արտահայտվելու միջոց չէ, սա ֆիզիկական, իսկական սրտխառնոց է, երբ ուզում ես ծնկել գետնին, գրկել զուգարանակոնքն ու էնքան հետ տալ, մինչև կյանքից զզվանքն ու էս ամբողջ մաղձը անցնի։


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը