Ուլմի ուրվականը

Վերջին ավտոբուսն արդեն գնացել ա: Առաջին անգամ չի, որ ոտքով մութ անտառով տուն պիտի գնամ:
Էսօր աստղեր կան: Ես էդպես էլ համաստեղությունները չսովորեցի, բայց երկնքին նայելով եմ գնում, որովհետև կողք նայելը վախենալու ա: 

Ծառերից մեկն հարցնում ա՝ կուզես գրկեմ քեզ: Փախնում եմ, բայց մյուսն ա հասցնում գրկի: Գրկում եմ իրան, ծառ ա, երևի շփման կարիք ունի: 
Ծառն ասում ա՝ դու ամենալավ Ռուբին ես: Տեսնես քանի՞ Ռուբի է եղել իր կյանքում: 
Հազիվ գրկից պոկվեցի, մեկ էլ զգամ՝ վրաս տերևներ ա շպրտում: Տերևները շոյում են քիթս ու մեղմիկ շշնջում՝ մի՛ գնա, Ռուբի: Շարունակում եմ ճամփաս, հետո սկսում են բոքսել քթիս՝ մի՛ գնա, արա՛:
Դուրս եմ պրծնում տերևների ու ծառերի զոնից: Հասա իմ սիրած տեղին: 

Երբ մառախուղ չի, մի քանի րոպե նայում եմ ներքևում փռված քաղաքի տաք լույսերին, իսկ երբ մառախուղ ա, ես դառնում եմ ուրվական, դիֆուզվում մառախուղի մեջ: 
Մի քանի րոպե: Հետո ինքնակարգավորվում եմ ու քայլում եգիպտացորենի դաշտով:




Էլի ծառ: Էս մեկն հաստլիկ ա, չի ուզում գրկի ինձ: Բայց հաստլիկի հետևում մեկը կա: Վհուկ ա, կատվագնդին  ա մորթում: Գնդի հետ մի քանի օր առաջ էի ծանոթացել. անտառի կատուն էր:
Անջատում եմ լույսս: Ես էլ եմ սև, ես էլ եմ կատու, ես չեմ ուզում հաջորդ զոհը դառնալ: Եգիպտացորենի դաշտն ամենակարճ ճանապարհն ա տուն հասնելու: Ցուրտ ա, պիտի որ ցեխ չլինի: Բայց ոտքս դնում եմ թե չէ, խրվում եմ: Մինչև վիզս: 
Օգնեցե՜ք, հիլֆե՜, բայց էն երազներից ոնց որ լինի որ ձայնդ դուրս չի գալիս: 

- Դու կենդանի՞ մնացիր, Գու՛նդ:
- Ես զոհաբերեցի վհուկին, որ նոր վհուկ վերածնվի:
- Իմ կատուն կլինե՞ս:
- Այսուհետ դու՛ ես իմ մարդը:
Ես կատու չունեմ, իսկ կատուն ունի ինձ: 
Հեռվում ոռնում են գայլերը: Ոռնում են՝ Գագո՜: 
- Գու՛նդ, գիտե՞ս՝ ով է Գագոն: 
- Հա, ընթրիքս էր: 
- Հա՞վ էր:
- Արա, չէ՛, անասուն մարդագայլ: Իրան դրել էր զոն նայողի տեղ, բռնեցի կերա:
- Ի՞նձ էլ ես ուտելու: 
- Եթե դու ինձ չուտես: Իսկ հիմա՝ հաջող:

Ձեռքս տանում եմ գրպանս, որ դանակս շոշափեմ, բայց մոռացել եմ տանը: Հեռվում ինչ-որ սև հագնված գյադեք են կանգնած ու բարձր կռվում են: Խոսակցությունից մենակ լսվում ա բլութ, լիքը բլութ: Մեծ մեքենաներով են: Վաղը  ՁԻԱՀ-ի համաշխարհային օրն ա, արյան բանկ պիտի թալանեն: Իսկ իմ արյունը դեռ տաք-տաք ա:
Ես սև եմ, գիշերը սև ա: Դիֆուզվում եմ գիշերվա մեջ, ու քամին ինձ ապահով տանում ա վամպերիս կողքով: 
- Իրանք մարդուն ջերմաստիճանային են զգում, չաշխատեց մեթոդդ,- եկեղեցու վրայից ասում ա Գունդը:
- Բայց չնկատեցին ինձ:
- Որովհետև դու մարդ չես, կանաչ ֆլյոուրեսցենտ վհուկ ես, քեզ ուտեն՝ կթունավորվեն:
Երկարացնում եմ ճանապարհս. մարդկանց տների կողքով ավելի ապահով կլինի: Եթե էս քարե ոզնին հարձակվի վրաս, գոռամ  սօ՞ս, թե՞ հիլֆե: Իսկ եթե գոռամ, որևէ մեկը կգա՞:

Փողոցում փռված է դևաօձը: 
- Դու ո՞նց ստեղ հասար: Աշտարակցի չե՞ս:
- Ես հսկում եմ հայու գենը,- ֆշացնում ա ու անցկացնում փողոցը:
Շենքում էլի ղուլերի աֆթըրփարթի ա: Ամեն չորեքշաբթի ու կիրակի: Ոնց էլ չեն հոգնում:  Տեսնես էս անգամ ու՞մ մեռելն են ուտում: 
Միջանցքը գլորվում ա ոտքերիս տակով: Տանն ինձ սպասում են սիլվերֆիշերը:
- Հա մոռանում եմ քեզ հարցնեմ, եթե դու տառական ես, քեզ խի՞ են ձուկ ասում, էն էլ արծաթե:
- Որ դու հարցնես:
- Ռադ եղի,- ուզում եմ լխճել, բայց մեղքս գալիս ա:
- Ռուբի՛, դու լավն ես, հաուսմայստերին չասես, թող ապրենք էլի...

Վրայիցս հանում եմ կուրտկես, կոշիկներս ու շպրտում մի անկյունում: Գլխիցս էլ՝ դատարկում միայնակ ծառերին, վհուկներին, վամպերին, ղուլերին, շարում կինդերի գունավոր խաղալիքների կողքին:

Մի օր ես կդառնամ Ուլմի ուրվականը:



Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը