Փորձարարը

Ես տեսաբան էի. այնպիսին, ինչպիսին լինում էին կարծրատիպային տեսաբանները: Իսկ կարծրատիպային տեսաբանները շատ յուրահատուկ են. նրանք կարող են դեռ լաբ չմտած փորձը ավիրել, սարքին չկպած՝ սարքը փչացնել: Բրիտանացի գիտնականներին չի հաջողվել պարզել, թե ի՞նչ էլեկտրամագնիսական դաշտ ունեն նրանք, ի՞նչ փոխազդեցության մեջ են մտնում սարքերի հետ, բայց փաստ ա. կան մարդիկ, ովքեր անհամատեղելի են լաբերի հետ, ու ես էդ մարդկանցից մեկն եմ:

***
Մի անգամ սպեկտրոսկոպիայի փորձ էինք անում. պիտի ԴՆԹ-ի սպեկտր հանեինք: Ես՝ խելոքս, ԴՆԹ լուծույթով լի փոքրիկ անոթը մատներով բռնեցի, դրեցի սարքի մեջ: Հետո, երբ դասախոսը եկել ու զարմացած նայում էր, թե ո՞նց կարող ա սենց տարօրինակ սպեկտր ստացվել, հանկարծ ջոկեցի, որ մենք իրականում ոչ թե ԴՆԹ-ի, այլ իմ մատնահետքերի սպեկտրին ենք նայում:

Նույն օրը հաջողացրի նաև տոքսիկ նյութ թափել լաբում: Հետո իմ արևին ուզում էի մաքրել, որ դասախոսը չնկատի ու չջղայնանա: Մեկ էլ հանկարծ նկատեց, մի թեթև պանիկա, ձեռնոցները հագավ, մաքրեց, ախտահանեց տարածքը: Իսկ ես ուզում էի շորիս թևքով թաքուն սրբել:

***
Մածուծիկաչափության փորձը տևեց համարյա ամբողջ օր: Մինչև երեկոյան 6-ը տառապեցինք, հետո արդյունքները հաշվելուց պետք եղածի լրիվ հակառակ գրաֆիկը ստացանք: Դասախոսը գլուխը թափ տվեց, ասելով՝ լավ գոնե սխալանքի աղբյուրը հայտնաբերեք: Բայց դե ես ինքս ինձնով ոտքից գլուխ սխալանք, ո՞նց հասկանայի, թե սխալանքն ինչում ա:

***
Ինչպե՞ս գրանցել տիեզերական ճառագայթումները, բայց ստանալ էնպիսի արդյունք, ասես կողքիդ ռադիոակտիվ նյութ ա դրած: Գիտե՞ք, ես էլ չգիտեմ, բայց մի անգամ նման արդյունքներ ստացել էի:

***
Փորձի մանրամասները չեմ հիշում, բայց հիշում եմ, որ կար լիքը սպիրտ ու ջուր: Հետո հիշում եմ, որ էդ սպիրտը նախատեսված անոթը գնալու փոխարեն վրաս էր: Լողացել էի սպիրտով, ճպճպում էի սպիրտից, լուսաստղի օղի էի դարձել:
Սակայն նույն օրը զարմանում էի, թե ինչի՞ երթուղայինում մարդիկ կողքս չէին նստում, ու ինչի՞ էին ինձ նայելով տարեց մարդիկ ասում, որ էս սերունդը լրիվ փչացել ա:

***
Մեխանիկա, ճոճանակների փորձ, Ռուբի: Էստեղ շատ բան չկա ասելու. թելը պոկվեց, մոտ 1-2 կիլոգրամանոց բեռն ընկավ ոտքիս:

***
Ֆիզիկա սովորող/սովորած ուսանողներից շատերը գիտեն դզման գործակցի մասին: Դա այն գործակիցն ա, երբ փորձի արդյունքները ահավոր ես ստացել, բայց արդեն ժամը հազարն ա, սոված ես, հոգնած ես, տուն ես ուզում... Ու իհարկե փորձը կրկնելու փոխարեն, ստացածդ թվերը նենց ես փոփոխում, որ վերջում խելքին մոտ արդյունք ստանաս: Ես ատել եմ ու ատում եմ դզման գործակցին, բայց հաճախ չեմ կարողացել իրենից խուսափել:


Ա՜յ էսպիսի հիասքանչ էքսպերիմենտալ անցյալ ունենալուց հետո, ես չգիտես ինչի որոշեցի սկսել փորձարարությամբ զբաղվել: Մոտիվացվեցի, ստացա կրթաթոշակ, գտա մի համալսարան, որտեղ ունեին ինձ ամենաշատը հետաքրքրող փորձերի սարքերը, հստակ որոշեցի, դե ինչ խնդիրներով կուզենայի զբաղվել...
Ու հիմա վաղն իմ առաջին էքսպերիմենտն ա՝ օպտիկական պինցետով: Առաջին անգամ մեթոդի մասին լսելուց հետո երկար ժամանակ ուզեցել եմ էդ փորձն անել, ու հիմա երկու օրից ես ու պինցետիկը պիտի հանդիպենք, բայց փոխանակ ոգևորվեմ, մտածում եմ՝ տեսնես ի՞նչ օյին եմ բերելու գլխիս, հատկապես էն պարագայում, երբ դասախոսը թողելու ա գնա, և ես ու պինցետը մնանք աձին նա աձին:


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը