Արթնացում

Փողոցի լույսերը լուսավորում էին ձյան խոշոր փաթիլների հոսքը, ամանորյա տոնավաճառում մարդիկ ժպտում և տաք գլյուվայն էին խմում։ Ես արագ քայլում էի փողոցով ու զգում, որ ինչ-որ տեղից ու ինչ-որ կերպով կյանքը ներսս է լցվում։

Երեկ առավոտն էն սպիտակ առավոտներից էր, որ կյանքս կտայի, որ անկողնուց դուրս չգամ։ Թորն ասում էր, որ վեր կենամ, Թորը հարցնում էր, թե ինչու՞ մի երկու ամիս Մյոլնիրը դարակումս նետված էր։ Թորն ասում էր, որ հինգշաբթին իր օրն է։ Թորին չնեղացնելու համար վզնոցը կախեցի, ու դուրս եկա։ Բայց Թորը երևի տանը մնաց։ Պրակտիկայի ինստիտուտում երկու ժամ փորձում էի արթնանալ. կոֆեինը, սառը ջրով լվացվելն ու ամեն ինչ անզոր էին. չէր ստացվում զարթնել։ 

Շաբաթներ շարունակ զգում էի, թե ոնց է արթունությունը հեռանում, ոնց են մտքերս պտտվում միայն մահճակալի ու վերմակի շուրջ։ Իներցիայով կյանքը հոսում էր էս ուրվական, մոխրագույն քաղաքում ու չկար էներգիա ինձ այլ շարժում հաղորդելու։

Կիսաքնած, փորձելով ինձ համոզել, որ սա իրականություն է այլ ոչ թե երազ, գնում էի դասի։ Մի կողմից կար էն գիտակցությունը, որ դասը սարսափելիորեն հետաքրքիր է, մյուս կողմից արթուն վիճակը դժվար էր պահպանել։ Իսկ գիշերը 10 ժամ քնել էի։ Արթնությունը մի պահ եկավ, երբ դասախոսն ասում էր, որ մարդկանց գենոմն էնքան նման է, որ ռասաների բաժանումը ծիծաղելի է։ Ֆիլոգենետիկ ծառում մեզ ամենամոտը աֆրիկական կապիկներն են։ Մենք կապիկն անց տաս ենք կամ էլ կապիկն է մեզնից տաս պակաս։ 
Հետո սպիտակուցների ամինաթթվային հաջորդականություններ էինք ուսումնասիրում. մեր հեմոգլոբինի մի ենթաբաժինը լրիվ նույնական է որոշ տեսակի կապիկների հետ։ Ու ոչ միայն այս սպիտակուցը։ Էվոլյուցիայի տեսությանը դեռ 12-13 տարեկանից եմ հակված, բայց երբեք չէի ունեցել էս զգացողությունն, որ էսքան մոտ ենք կենդանական աշխարհին։ Ու երևի ամեն ինչ այնքան էլ վատ չէ կապիկն անց տասի համար։

Ձմեռը սկսում է, ձմռանից դարչինի ու շագանակների հոտ է գալիս։ Եթե ինձ հարցնեն ինչ է երջանկությունը, հավանական պատասխաններից մեկը կլինի այն, որ երջանկությունը դարչինի հոտն է։

Գերմաներենի դասին քնում եմ։ Չգիտեմ էլ ինչու եմ գերմաներենի գնում. ոչ խոսելու ցանկություն ունեմ, ոչ էլ ուզում եմ ջանք թափել սովորելու վրա։ Զուգահեռ Աբկայն եմ կարդում.
«Ես այս կյանքում ոչինչ չեմ սիրել։ Ոչ անգամ կյանքը։ Ինձ հրել-նետել են այս կյանքի մեջ, շարժում հաղորդել, և ես այդ հրման կամ իներցիայի ուժով շարունակում եմ շարժվել՝ մինչև կանգ առնելը՝ մինչև մահը»։

Փողոցի լույսերը դեղին էին, խոտը` դեռ կանաչ, ձյունը լուսավոր էր ու զգում էի, որ ինչ-որ բան փոխվում է ուրվականային քաղաքում։ Տանն արդեն քաոս էր (քաոսն արդեն տուն էր եկել), քայլերս արագացնում եմ։ Թորը նորից կողքիս է։ Փողոցի դեղին լույսերի ներքո տնակները հեքիաթներից իջած են թվում։ Կամ միգուցե ձյունածածկ տանիքներով տնակներն են հեքիաթներ ստեղծում։

Ասում է՝ ինչքան բան ունես անելու։ Պատասխանում եմ, որ այլևս ես չեմ անում գործերը, իրենք են ինձ անում, ես չեմ ապրում կյանքը, կյանքն է ինձ ապրեցնում։ Զուգահեռ Հանիբալն ասում է, որ դեպքերը չեն պատահում իրեն, այլ ինքն է պատահում դեպքերին։ Ես Հանիբալը չեմ։

Ես քնած էի մինչև քնելը։ Ես քնած եմ զարթնելուց հետո։ Միգուցե քնած ժամանակ եմ արթուն։

Այսօր առավոտն էլ երկար ժամանակ պահանջվեց, մինչև անկողնու գերությունից ազատվեմ։ Բայց ավտոբուսում չէի քնում. գիրքս ավարտեցի, սկսեցի առօրյաս պլանավորել. ամիսներ շարունակ ինձ ոչ մի հագուստ չեմ գնել ու արդեն ձմեռ է։ Պրակտիկայի վայրում միշտ երկու ժամ պահանջվում էր, որ արթնանամ։ Էսօր արթուն էի. մի 15 րոպեում ստացվեց այն, ինչ երեկ մի ժամ չէր ստացվում։ Հանկարծ զգացի, որ ինձ հետաքրքրում է էս թեման, սկսեցի մտքեր ունել, մտածել, որ իրենց հանձնարարածը պետք է արագ անեմ, միգուցե ժամանակ մնա իմ ուզածն էլ անելու։ 

Բիոինֆորմատիկայի տնայինը բարդ էր թվում։ Չհասկացա էլ, թե ինչպես, շատ արագ, առանց սխալվելու ավարտեցի այն։ Վերջնաժամկետից օրեր առաջ։ Աղբը թափեցի, շաբաթներ շարունակ կուտակված լվացքը միացրեցի։ Կուտակված նամակներին պատասխանեցի։

Վերջերս անընդհատ ուզում էի, որ իմ փոխարեն այլ տիեզերքից մի ուրիշ Ռուբի գա ու գործերս անի։ Երևի այդ Ռուբին եկել է։ Եկել է, որ կյանքն ապրի, էնտրոպիան նվազեցնի կամ ավելացնի, ներքին էներգիան կինետիկի փոխարկի՝ դուրս պոկվելով իներցիայով շարժման էս ցիկլից։ 

Չգնաս։

Comments

  1. Ռուբ, էս գրառումդ կարդացի, կարոտեցի քեզ։ Նոր տարուն որտե՞ղ ես լինելու։ Թե Երևան ես գնալու, արի քեզ գրկեմ։

    ReplyDelete
    Replies
    1. Բյուր ^_^ Բացառությամբ Սուրբ Ծննդի և Նոր Տարու, կամ պրակտիկայի տեղում, կամ էլ տանը։ Երևան ամառվանից շուտ դժվար գնամ։

      Delete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը