Մարիօն Զարթոնքի և այլ աշխարհներում

Ինչ-որ մեկն արդեն պատրաստվում էր «play» կոճակն, ինչից հետո նա պիտի հագներ կարմիր վերնաշապիկը, կապույտ կոմբինիզոնը, դներ կեպին, փակցներ մորուքն ու վազեր մահվան ցիկլում այնքան ժամանակ, մինչև հասներ խաղացողի նպատակին։

Բայց կոճակը դեռ սեղմված չէր , մենք զրուցում էինք Զարթոնքի աշխարհում։ Նա պատմում էր, որ թեև անընդհատ կռվում էր քայլող սնկերի ու դևի հետ, ազատ ժամանակ բլոգ էր գրում, պատմում, թե ինչքան էր տխրում ամեն անգամ դևի հետ կռվելիս, քանի որ խաղից դուրս, երբ  ինքն ու դևը  հերթական անգամ վերածնվում էին, միասին ֆիլմեր էին նայում ու թքած ունեին հիմար արքայադստրերի վրա։ Նա պեղումներ էր անում, գտնում մեռած սնկերի գերեզմանները և նրանց թաղման ծեսերն ուսումնասիրում։  Նաև խոսում էր իր աշխարհի կռիվների մասին, բարձրացնում բոլոր բնակիչների իրավահավարության, կրթություն ստանալու և այլ իրավունքները։ Հենց այդ խնդիրների մասին խոսելու շնորհիվ նա խաղից դուրս մի աշխարհ հաղթահարեց, և հայտնվեց Զարթոնքի աշխարհում՝ որպես ամենաբարձր միավորներ ունեցող մասնակից։ Ես էլ էի այնտեղ, բայց ամենաբարձր արդյունքներում իմ անունը չկար։
Իրեն չէի հավանում, ինչպես բոլորին չեմ հավանում առաջին հայացքից, հետո պարզվեց, որ Մենսոն ու Լակրիմոզա է լսում։ Ես այպիսի խաղից էի, որտեղ ջրանցքներում աղբ էր, կովերը աղբ էին ուտում (ինձ էլ աղբահանության խնդիրն էր Զարթոնքի աշխարհ բերել), մարդիկ միայն ռաբիզ էին լսում ու անընդհատ ռեպլիկներ անում իմ թևնոցների ու բանդանաների մասին։ Ու միայն  այդ երաժշտությունն էլ հերիք էր, որ ուզենամ նրան փախցնել իր աշխարհից և տանեմ իմ աշխարհ, չէ ավելի ճիշտ գնանք այլ աշխարհներ բացահայտելու։

Ու գնացինք։ Ինքը թողեց կամբինիզոնն ու արհեստական բեղերը, թողեց սնկերին ու դևերին, ես սկսեցի մոռանալ ինձ շրջապատող աշխարհն։ Ու մենք գնացինք Զարթոնքի արդեն ոչ թե 1-երից ու 0-ներից բաղկացած, այլ իսկական, նյութական աշխարհը։

Դա առաջին աշխարհն էր, որ հաղթահարեցինք միասին։ Եվ այն այդպես էր անվանվում, ոչ թե  որովհետև զարթոնք էինք ապրում. չէ, դա սոցիալապես անապահով և մարզերում բնակվող երեխաներին աջակցող կազմակերպությունն էր, որտեղ աշխատում էինք, ավելի ճիշտ՝ կամավորություն անում։ Բայց ինչ-որ տեսանկյունից զարթոնք էր, մեր ազատության, իրար ճանաչելու, աշխատած մի քանի հազար դրամները համով բաների վրա ծախսելու զարթոնք։

Գնում էինք հեռավոր գյուղեր, նստում դատարկ փողոցների մեջտեղում ու մանդարիններ ուտում, վազում խաղահրապարակներով ու անվերջ բողոքում։ Ռոմանտիկ-ռոմանտիկ հավատում էինք, որ լիքը բան ենք փոխելու, խնդիրներ ենք լուծելու և այս աշխարհը, որտեղ ըստ մեզ վահանակով չէին կառավարում, դեպի լավն էինք փոխելու։ Մենք ունեինք ազատ կամք, բանավիճում էինք մեր շեֆի հետ, նեղանում, երբեմն էլ ինքը ներողամիտ ժպտում էր ու թույլ տալիս մեր ուզածն անենք։ Մենք անջատված-անջատված մոռանում էինք թղթաբանություններ անել, հետո էլի հասնում գրողի ծոցը՝ կնիքներ հավաքելու։ Ամեն ինչ դեռ խաղի էր նման, մենք դեռ պետք է վազվզեինք ու աչոկներ հավաքեինք։
Զարթոնքը գնաց, ավելի ճիշտ՝ մենք գնացինք Զարթոնքից։ Բայց էս աշխարհում նաև մի շատ կարևոր բան՝ Մարկուս կատվին գտանք ու տարանք մեզ հետ։



Հաջորդ աշխարհներից մեկը արդեն  հանրահավաքներն էին, երբ կանգնում էինք Թումանյանի կողքին, ուշադիր լսում ու սառցակալում։ Էդ ժամանակ դեռ քվեարկելու իրավունք էլ չունեինք, բայց հավատում էինք, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան արդար կլինի։ Հետո հասկացանք, որ դա էլ է խաղ, ավելի կեղտոտ, ավելի վատը։ Էն խաղերում, որտեղից եկել էինք, խաղացողները գոնե հավատում էին իրենց նպատակին ու պայքարում դրա համար։ 

Մինչև մեկնելս, մենք էլի հավատում էինք, որ ինչ-որ բան ենք փոխելու. էս անգամ Կամուրջի վրա էինք կռվում, էն էլ՝ Հույսի Կամուրջի։ Այս անգամ դրա համար մի փոքր աշխատավարձ էլ էինք ստանում, բայց ավելի շատ մոտիվացված էինք, որ պատանիներին ինչ-որ բան ենք սովորեցնելու, նրանց ավելի մեդիագրագետ ու քննադատ դարձնելու։ Ասում եմ Պրեզենտացիաներ էինք սարքում, ֆիլմեր ընտրում, դասերին ոգևորված խոսում։ Մեր աշակերտներից ոմանք դեռ շարունակում են տրանսլիտով գրել և  ոչ վստահելի աղբյուրների կեղծ գիտական նյութեր տարածել, իսկ մենք ջղայնանում, փորձում հասկանալ, թե ինչում ենք թերացել և հերթական անգամ դեմոտիվանում, հիասթափվում ամեն ինչից։

Միջանկյալ լիքը աշխարհներ են եղել. էքզիստենցիալ կրիզիսների անվերջանալի ու մութ աշխարհները, մոգական աշխարհները՝ լատինամերիկյան գրականությունից փախած, նարինջների նարնջագույն ու նարջնակերտ նարնջաշխարհները, ծիածանները, անարդարությունների աշխարները, դեպրեսիվ կինոների աշխարհները, զրույցները, որոնցում մոլորվում էինք ու ամբողջ գիշեր չէինք կարողանում քնել, աննպատակ թափառումների լաբիրինթոս-աշխարհները։ Բա էն մեկը, որ կոչվում էր «Մարիօն տռուսիկների աշխարհում», նույնիսկ պատմվածք էի որոշել գրել...



Շնորհավոր ծնունդդ, ով մարիօ, ով մարիամի լիմոնադ և ձմերուկի թթու։ Ես գիտեմ, որ դու գիտես, որ ինչքան էլ փախչես, միևնույն է նույն Մարիօն ես մնալու՝ կամբինիզոնով ու բեղերով, թե առանց։ Ու մաղթանքս տարիներ շարունակ չի փոխվում. երբ հերթական դժվարությունն ու արգելքը հաղթահարես, թող դա վերջապես նպատակներիդ տանի, այլ ոչ թե հերթական խաբկանքը լինի։
Հիշի, որ սարքածս անդրանիկ ճաշը քո համար ա եղել, ու բրոկոլիով սուպի մեջ սունկ չի սազում, կամ սնկով սուպում՝ բրոկոլի։ Ու հիշի, որ նարինջները սթրեսներից ու անհաջողակություններից ուժեղ են, ու դու ես ինքդ քո «play» կոճակը սեղմողը։ 

Comments

  1. Ռուբի՜․ ամբողջ կյանքս դիմացովս անցավ։ Դու տռուսիկների աշխարհից էլ նկար կունենաս ։ԴԴ

    ReplyDelete

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը