Ջահել վամպիրներ

Մենք կանգնած էին կոտրված ու ժանգոտած հայելու առաջ ու մենք ամենասիրունն էինք։

Ես՝ մանուշակագույն մազերով, դու՝ կանաչ ու մենք աշխարհի ամենագունավորն էինք։ Մենք հավերժ երիտասարդ էինք, մենք ազատ էինք ու մենք երջանիկ։ Ինձ թվում էր՝ դեռահաս վամպիրներ էինք, որ կարող ենք վերացնել աշխարհը կամ վերանալ աշխարհը թողնելով։ Կոտրված հայելում մեր պատկերները չէին ծերանալու, չէին հեռանալու, չէին մոռացվելու։
Կոտրված հայելում մենք էինք՝ էնպիսին ինչպիսին կուզեինք լինել, էնպիսին, ինչպիսին գուցե կայինք։ Էնպիսին, ինչպիսին էլ չկանք...



Ես ասում էի, որ չեմ սիրում իմ ծնունդները, քանի որ չեմ սիրում մեծանալ։ Դու ինձ ստիպեցիր սիրել ծնունդներս, որովհետև ես վերածնվեցի որպես ջահել վամպիր, ու մենք ջարդեցինք տարածության ու ժամանակի սահմանները։ Մենք վազում էին շրջաններով ու հասնում միշտ նույն կետին. այդ օրը մենք երջանիկ էինք ու այդ օրը զուգարան գնալու մասին էր։
Ես անընդհատ հայտնվում էի զուգարանի ճանապարհին ու միշտ մոռանում, թե ինչ էի ուզում անել։ Քաղում էի բոլոր լոլիկներն ու խաղողները, վազում թիթեռնիկների հետևից ու գալիս քեզ համբուրելու՝ էդպես էլ չհասնելով վերջնանպատակիս։ 
Ես ուզում էի ցատկել փոքրիկ դարպասի վրայով ու սպանել այն հարևանին, որ դանդաղ իր դարպասն էր ներկում։ Հարևանը չէր ուզում վազել թիթեռնիկների ու մեղուների հետևից ու թափառեր անտառներում. ինքն իր կիրակնօրյա սովորական օրն էր գլորում։ Ու աչքի տակով էլ հետևում մեզ, որ պառկած էինք արևի տակ ու ամպերի ամրոցներին էինք նայում։ Մյուս հարևանն էլ անընդհատ իր սայլակով տեսադաշտում էր հայտնվում, իսկ մենք չէինք կարողանում հանդուրժեղ նրանց գոյությունը նույնիսկ ցանկապատներից այն կողմ։
Մենք չէինք կարողանում ընդունել, որ տարածության ու ժամանակի էդ կետում մեզնից բացի ուրիշ բանական էակներ էլ կային, որ մենք պիտի կիսենք մոլորակն ու գոյությունը։ Մենք  մեկ դառնում էինք թրումաններ, ում կյանքը հարևանների համար սիմուլյացիա էր, կամ էլ ուղղակի լոլիկի հյութի գովազդի մեջ էինք  ու մեր երջանկությունն օգտագործվում էր, որ ավելի շատ մարդ հյութ գնի։
Միգուցե՜, միգուցե՜... Ինչպե՞ս, ի՞նչ, ինչու՞։ Ինչու՞ մենք գոյություն ունենք։ Արդյո՞ք մենք գոյություն ունենք։ Ի՞նչ ենք մենք։ Ուզում էի գրես նոթատետրումս։ Գրեցիր՝ «Քաոսը եղել է այստեղ ու գոյություն է ունեցել» (8.09.18)։ Քաոսը գոյություն է ունեցել, իսկ ես Քաոսին ստիպել եմ, որ հայերեն տառերով ու իմ ձեռագրով անունս գրի։ Մարդիկ, ովքեր հայտնվում են իմ սև նոթատետրում, մնում են միշտ։ Իսկ Քաոսը եկավ Մոլիի հետ ու մենք բանաստեղծություններ գրեցինք՝ երկնքից բառեր պոկելով։ Հետո Քաոսն իր հոգին ինձ նվիրեց ու վերադարձավ Ալիսի հետ։ Հոգիների մի վաճառական փորձեց Քաոսին գողանալ, բայց ես չվաճառեցի իրեն։ Քաոսը մնաց, որ ես գնամ։

Արևը մայր էր մտնում ու մեր հավերժ երիտասարդ, հավերժ սիրուն վամպիրային դեմքերն անհետանում էին ջարդած ու կեղտոտ հայելում։ Օրը մեռնում էր, ու մենք ծերանում, մենք հավերժ չէինք։ Ես ծիծաղում էի, հետո՝ լացում, հետո՝ էլի ծիծաղում ու հասկանում, որ վհուկների ժամն էր եկել։ Փայտը բերեցի ու կրակ արեցինք։ Հետո պարում էինք կրակի շուրջ։ Ես վհուկ էի, ես շաման էի, ես պտտվում էի կրակի շուրջ ու բահով խառնում վառվող փայտը։ Մենք երգում էինք ու պարում Իգդրասիլի շուրջ ու մեր հետ շրջան էին բռնել բոլոր աստվածներն ու վհուկները։ Կրակները բարձրանում էին վերև, այրվում էր փայտ ու կարտոֆիլը, որ պետք է ուտելիք, այլ ոչ թե վառելիք լինել։ Մենք ծուխ էինք, մենք կրակ էինք, մենք՝ աստվածներ, մենք տաք էինք։ Կարմիր ածուխներում մեր ապագան էր գրված, բայց մենք ռունաներ կարդալ չգիտեինք, ու այրվեց ապագան ու անցավ երեկոն։


Կարտոֆիլները մոխրացան, մենք մնացինք սոված, բայց մենք հայտնվեցինք սեղանի վրա։ Ես հիշում եմ պայծառ աստղերը, լուսինը, հիշում եմ քեզ՝ իմ վրա խոնարհված ու հիշում եմ, որ սեղանը չջարդվեց։ Ես հիշում եմ ամեն ինչ. այդ օրվա ամեն րոպեն, երբ ես վախենում էի, որ կզարթնենք ու ոչինչ չենք հիշի։ 
Ես թաղել եմ ամեն ինչ, թաղել եմ ինձ, թաղել եմ քեզ, թաղել եմ հիշողություններն ու ապագան, բայց հիշում եմ էդ օրը։ Հիշում եմ՝ խոտերին ձուլվող կանաչ մազերդ, բիբերիդ կուլ գնացող երկնքի գույնի աչքերդ, անտառի արտացոլանքը՝ լճակի մեջ, ուր չթողեցիր, որ ես գնամ ու խորտակվեմ։ Դանդաղ վառվող սիգարետի կապույտ ծուխը, որ ծածկեց ամբողջ կյանքս ու էդպես էլ չհեռացավ։

Ուզում եմ՝ էլի լինենք հավերժ դեռահաս երկու վամպիրներ, ովքեր կամ կվերացնեն աշխարհը, կամ կվերանան աշխարհից։ 






Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը