Ճտիկով վինսթոն ու երազանքներ

Տաշիրից դուրս գալուց հետո սառցակալած մատներով ճտիկով Վինսթոնի տուփն եմ բացում ու տուփը մեկնում Միային։ Ինքն ուզում ա առաջին սիգարետը վերցնի, բայց կեսից ասում ա.
- Գիտե՞ս, չէ՞, թե առաջին սիգարետի մասին ինչ են ասում։
- Միայն գիտեմ, որ ուրիշի վերջին սիգարետը չի կարելի վերցնել,- պատասխանում եմ։
- Պետք է առաջին սիգարետը վերցնելիս մոտեցնես բերանիդ, երազանք պահես ու ամենավերջինը դա ծխես։
Ես սնահավատ չեմ, բայց սենտիմենտալ մանրուքներով ինձ միշտ հույս եմ տալիս։ Սիգարետը մոտեցնում եմ շրթունքներիս ու դադար տալիս։ Երազանք, երազանք, ու՞ր ես երազանք։ Քարացած մատներով սեղմում եմ սիգարետ ու փորձում քարացած էմոցիաներիցս ապարդյուն ինչ-որ բան պեղել։ 
- Բայց չես կարող օրինակ աշխարհին խաղաղություն ուզել, կամ էլ՝ որ աշխարհում էլ սոված երեխաներ չլինեն,- Միայի քաղցր ձայնն ինձ սթափեցնում է։ Նայում եմ իր քյութագույն ժպիտին ու հասկանում, որ ուզում եմ գրկել ու համբուրել իրեն։ Բայց մարդկանց հետ չստացվող հարաբերություններս չեմ ուզում բարդել խեղճ սիգարետների վրա։
Ուզում եմ Միային ասել, որ դադարել եմ գլոբալ երազանքները, որ ոչ մի երազանք չեմ մտապահում, որ ինձ պետք չեն վերջին սիգարետներ, ընկած թարթիչներ, ծննդյան մոմեր։ Բայց միան էնքան քաղցր ու սիրուն ա ժպտում, որ քաոսիս մեջ ուզում եմ ինչ-որ երազանքի փշրանքներ գտնել։

- Եթե երազանքդ մինչև տուփի վերջանալը իրականանա, այդ ժամանակ էլ կարող ես ծխել։ 
PhD, ուզում եմ գտնել ու ստանալ ինձ համապատասխան PhD-ն։ Միակ ադեկվատ ցանկությունն է, քանի որ իրավունք չունեմ մեռնել երազել։ Նույնիսկ ամաչում եմ երազանք կոչել. քանի՞ անգամ կարող էի մի բան անել ու չարեցի։ Բայց ոչի՜նչ, ամեն շաբաթ կարող եմ մի քանի տեղ դիմել, հետո՝ դիմումները լրացնելուց հետո ծխել վերջին սիգարետը։
Սիգարետը թարս դնում եմ տուփի մեջ ու ժպտում Միային։ Մենք անհետանում ենք Վանաձորի մթում։

Անհետացումից վերադառնալուց ժամեր անց սիգարետս եմ փնտրում։ Միայի սենյակում չի, իմ սենյակում չի, պատշգամբում չի. չկան սիգարետներս ու չկա երազանքս։ Եթե վերջին սիգարետը ծխելը կիրականացներ երազանք, ապա ես կորցրեցի այն։ Կամ ինչ-որ մեկը գողացավ երազանքս՝ փշրանքներից հավաքած ու վինսթոնի տուփում տեղավորած։

Երազանքներս եմ ուզում ու մի քիչ Միայի ժպիտից։

Comments

Post a Comment

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը