Գրել-չգրել

Ուզում եմ՝ էլի գրել կարողանալ։ Ուզում եմ գրել, երբ ամեն ինչ շատ վատ չէ, ու միգուցե՝ երբ արևն է շողում։ Բայց վերջին գրառումը՝ ամիսներ առաջ, իսկ ստեղնաշարս մեկ ա՝ հանգիստ չի մնում անընդհատ գրելուց։ Գրել նամակներ, գրել կոդեր, գրել հաշվետվություններ, գրել տնայիններ, բայց ոչ մի անգամ չգրել։ Սենց չորություն էր միայն երբ թեզս էի գրում, որովհետև թվում էր՝ գրելուս ռեսուրսները սպառվել են։
Մեր հեքիաթը մնաց կիսատ (ուղղակի և անուղղակի իմաստներով), ես էդպես էլ չեմ գրի էն վիպակը, որին միշտ վերադառնում եմ, երբ ապրել էլ չի ստացվում։ Ես չեմ գրի բանաստեղծություններ, չեմ գրի նորմալ բլոգային գրառումներ, չեմ գրի, որովհետև էս անգամ ներսն ու դուրսը հավասարակշռության մեջ են. դատարկություն, օտարություն ու բացարձակ անկարողություն որևէ բան զգալու։ Ես հաշվում էի օրերը, թե քանի օր չեմ պառկել գետնին ու լացել, բայց հետո հասկացա, որ միգուցե ժամերով լացելն ավելի լավ ա, քան սեփական կյանքի դիտորդ լինելն ու էդպես էլ չհասկանալը, թե ինչու՞ է էս ամեն ինչը կատարվում կամ ինչու՞ ոչինչ չի կատարվում։
Կառանտինը փրկություն էր։ Սարսափելի ա գիտակցել, որ միակ բանը որ ինձ մի ամիս շարունակ բալանսի բերեց, էդ աշխարհն իրար խառնած վիրուսն էր։ Իմ վիզան մինչև պանդեմիան մերժեցին ու հիշում եմ, թե ոնց էի քայլում Հերացիով ու բարձր լացում։ Մի կերպ զանգեցի Քաոսին ու մի քանի րոպե խոսել չկարողանալուց հետո, վերջն ասեցի՝ "they didn't give me a visa". Հետո Քաոսը երկար-երկար լռեց, իսկ ես շարունակում էի քայլել ու լացել, որովհետև չէի տեսնելու Քաոսին, չէի գրկելու Գենդալֆին, դաշտերի միջով չէի քայլելու նախկին աշխատավայր ու աշխարհի ամենահամով կոֆեն խմելու։ Որովհետև չգիտեի, թե ինչի չմնացի, որովհետև, որովհետև... Քաոսն ասեց, որ ինքը կգա։ Հետո ամեն ինչ սկսեց իրար խառնվել։ Էնքան շատ, որ սեփական խնդիրները մոռացվեցին ու ընդհանուր թոհուբոհի մեջ ո՞վ եմ ես՝ իմ ապուշ էքսիստենցիալ խնդիրներով։ Ո՞վ եմ ես՝ իմ սեփական ձեռքերով վարի տված կյանքով, իմ ապրելու հմտությունների իսպառ բացակայությամբ։ Բայց արդյունքում,  շուտով կավարտվի կառանտինը ու ապոկալիպսիս, էդպես էլ չեղավ։ Մենք գոյատևեցին, իսկ մարդիկ, ովքեր միգուցե շատ էին սիրում կյանքը, ստիպված եղան գնալ։ Ինչ-որ բան շատ անարդար ա։

Ամանդան ասում ա՝
She's the kind of girl who gets her slings and arrows from the dumpster.
The kind who tells you she's bipolar just to make you trust her.

Ես չեմ ասել, բժիշկս ա ճպցրել բիպոլարի դիագնոզը, ես ընդամենը վերցնում եմ միկրաֆոնը ու բարձր ճվում, որ սիրելիներ, ես անստաբիլ եմ, սիրելիներ, ես ֆաքդ ափ եմ։ Հետևաբար, ես մեղավոր չեմ, որ ամեն ինչ վարի եմ տալիս կամ դեռ կտամ։ Հետևաբար, ինձանից սպասելիքներ ունենալ պետք չի։ Հետևաբար, ես կարող եմ կորել ու երբեք չհայտնվել։ Հետևաբար, ես էլ չգիտեմ, թե ինչ եմ անում ու ինչու։ Հետևաբար, միգուցե ես իմ անպատասխանատու, չկողմնորոշված, անիմաստ նիհիլիստ էքզիստենցիալիստ լինելը բարդում եմ հոգեկան առողջության խնդիրների վրա, որ խուսափեմ պատասխանատվությունից։

Բայց փաստորեն՝ ստացվում է գրել, երբ գրելու կարևոր բաներ կան, ու չկա մոտիվացիա։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը