Ձուկը ջրում կամ շիլա գրառում

Աչքերս թարթեցի, ու մեկուկես ամիսը թռավ-գնաց։ Ես արդեն կարող էի իմանալ քաղաքի կենտրոնի բոլոր սալիկապատ փողոցները, բայց դեյթից-դեյթ եմ տնից դուրս գալիս՝ էն էլ զոռով։ Տնից սուպերմարկետ, սուպերմարկետից՝ տուն, մեկ-մեկ մի երկու ժամ լաբում, բայց հիմնականում գրքերի կամ Մաթլաբի մեջ կորած։ Դրսում մարդիկ խոսում են, ծիծաղում, իսկ ես արդեն սկսում եմ պատերի հետ Ֆուրիե տրանսֆորմներից կամ կինետիկ հավասարումներից խոսել։ Հետևի պատը կարծում ա, որ էս մեթոդով առաջ չեմ գնա, կողքիս պատը՝ inhala, exhala, իսկ դիմացի պատը դուխ ա տալիս՝ դիմացի, դիմացի։ 

Ուղեղումս կռվող հավասարումներ ու գրաֆիկներ. իմ նորմալ վիճակն ա։ Ժամանակ չկա, ժամանակ չկա, բայց նաև չկան ահավոր մտքեր։ Ես ինձ անընդհատ հույս եմ տալիս, որ ֆիզիկան հիանալի մասնագիտություն է, որ այս կյանքում իմ տեղը ակադեմիայում է միայն ու միայն, բայց կա մի հատ շատ պարզ ճշմարտություն. գիտությամբ 24/7 զբաղվելը միակ բանն ա, որ զբաղացնում ա ուղեղիս անորմալ բջիջներին ու սպանում հոգուս Կաֆկային ու Սարտրին։ Կյանքը հիասքանչ ա, որովհետև ամեն անգամ մոլեկուլային կենսաբի գիրք կարդալուց հուզվում եմ, թե մի բջջում ինչքան բան ա կատարվում, որ մենք լինենք, ուղղակի լինենք։ Ու երբ ասում են կյանքը սիրուն բան ա, ես առաջինը պատկերացնում եմ կյանքը մոլեկուլային մակարդակով։ Արդեն մի հինգ տարի ա հիանում եմ, թե ոնց եք պարզ մոդելների ոչ էնքան պարզ մաթեմով բացատրում ահավոր խճճված համակարգերը։ 

Ես ձուկ ու դու ջուր, հոգի՛ս։ Եվ ջուր ասելով նկատի ունեմ սովորելն ու գիտությունը։ ՖԲ 8 տարի առաջվա ստատուսներն ինձ հիշեցնում են առաջին կուրսս. փոխվում են տեղերը, փոխվում են մարդիկ, քննության կարգերը, իսկ ես նույն բանն եմ անում՝ տարբեր փուլերում։ Ու դա սիրուն ա։ Բայց միգուցե հեչ էլ սիրուն չի էն փաստը, որ ակադեմիան էնքան ա իմ կյանքի մասը, որ առանց դրա լինելու մասին մտքերը ինձ դեպրեսիայի դուռն են հասցնում։ Վերջին քննությունը հանձնում էի մի գրքով, որով պարապել էի էն չարաբաստիկ քննությունը, որի ժամանակ սարսափելի էպիզոդ ունեցա, հետո կլինիկական դեպրեսով փակվեցի տանը։ Ու գիրքը կարդալուց պատկերացնում էի, թե ոնց եմ տապալում քննություն, տապալում ասպիրանտուրան, տապալում կարիերաս ու տապալվում։ Բայց էս անգամ ես եղա մի քիչ ադեկվատ ու գրանցվեցի հոգեբանի։

Երբ խոսում եմ մի 3-4 ամիս առաջվա կյանքից, ասես ուրիշ մարդու մասին խոսամ։ Կողքից դիտորդ ասես լինեմ՝ ծիծաղելով պատմում եմ, մարդիկ ապշած դեմքիս են նայում, ու չեմ կարողանում բացատրել, որ չէ, իմ առաջին աշխարհի բարեկամներ, ծիծաղելու ոչինչ չկա, ուղղակի մի անասուն ձև պետք ա, որ էս ամենը կարողանա տեղավորվել մարդու ուղեղում։ Յ.-ն առաջին մարդն էր էս ամբողջ ընթացքում, ում հետ խոսելիս զգում էի, որ դիմացինս հասկանում ա, թե ինչ եմ ասում, ինչ եմ զգում։ Յ.-ն Սիրիայի պատերազմից ա փախել, խմում էինք, երկուսիս ցինիզմը անցնում էր, ու քիչ էր մնում երկուսս էլ լացեինք։ Նույնիսկ երբ մենք տարբեր քաղաքական հայացքներ ունեինք, վերջապես հնարավոր էր մեկի հետ խոսել։

Բայց ես էլ չեմ լացում։ Երեք հատիկ արցունք էի քամել մի քանի ամիս առաջ, ու ինչ-որ բան ինձ հուշում ա, որ էլ չեմ քամելու։ Կուզեի գնալ նոյեմբեր, ու ասել որ ամեն ինչ լավ ա լինելու։ Իմ համար, գոնե։ Բայց չեմ ուզում փակվել էստեղի պղպջակում. ամեն օր կարդում եմ Հ.-ի ստատուսները, թե ոնց ա սպասում պատերազմից հետ չեկած բոյֆրենդին, ոնց ա հավատում, որ էդ տղեն գալու ա, ու սիրտս մասերի ա բաժանվում։ Հիշում եմ՝ ոնց էր Հ.-ն պոլիգոն գնալիս գլուխը դնում ուսիս ու սիրածի նկարները նայում, լացում, ես էլ փորձում էի հույս տալ՝ հավատացած լինելով, որ չէ, չկա էդ տղեն։ Իրա տարիքի աղջիկները ստեղ դպրոցում են, իսկ ինքն ուզում ա սնայպեռ դառնա։ Չգիտեմ։ 

Դժվար ա գիտակցել, որ նույնիսկ պրիվիլեգիա չունեցող երկրում պրիվիլեգիա ունեցողներից էիր, թեև աստվածներն ինձ լավագույն հոգեկան առողջությունը չեն տվել։ Բայց իմ սառցե սիրտը դարձել ա քար, ու ես ոչինչ չեմ զգում։ Սիրուն բան էր սիրելը, բայց երբ մարմնիդ ամեն սպին ճանաչում ես ու կարողես թվագրել ու անձագրել, միգուցե պետք ա շարել էդ անտեր պատերը։ Իհարկե, սիրուն բան էր, երբ կային մարդիկ, ովքեր գիտեին թե ինչքան շաքար ես լցնում սուրճիդ մեջ, իսկ դու գիտեր թե իրանք ինչ ուտելիքներից են զզվում, բայց մենակ էդ մարդիկ են, որ կարան ցավացնեն քեզ։ Միգուցե ավելի լավ ա արթնանալ եսիմորտեղ, եսիմում կողքին ու առավոտյան թռնել այդտեղից՝ հասկանալով որ ամեն ինչ հիանալի էր, որովհետև էդ մի անգամն էր։ Իհարկե, սիրուն ա, երբ ծանոթ ա մեկի մաշկի հոտը, ինքն էլ նկատում ա քո վրայի ամեն նոր սպին, բայց երբ շաբաթը մեկ նոր քրաշ ունես, ոչ մեկ չի կարա քեզ ցավացնի։ Հոգեկան ու ֆիզիկական ցավի threshold-ն էն քիչ բաներից ա, որի հետ էքսպերիմենտել չեմ ուզում։

Ուզում եմ մեղավոր չզգալ լավ լինելու համար, որտև շատ-շատ երկար ժամանակ էսքան հանգիստ չէի եղել։ Գիտեմ, որ ստերիլ միջավայր ա ու միգուցե մի քանի ամսից տեղացիքի պես սկսեմ 1.5 ժամ հաց ընտրել, բայց միգուցե ժամանակն ա պլետները պահելու ու ինքս ինձ մի քիչ սիրելու։ 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը