Ավելի արագ, ավելի բարձր

Մատներս չեն հասցնում մտքերիս հետևից, տառերն էլ՝ մատներիս։ Տասնյակ ալգորիթմներ են մտնում ուղեղս՝ իրար հերթ չտալով, իրար սպանելով, կռիվ են անում ուշադրությանս համար։ Սիրում եմ բարձունքը, չէ պաշտում եմ էս վիճակը։

Գիտեմ գլխիս գալիքը՝ ամեն մանիա ունի իրա դեպրեսը, բայց մտքերում խեղդվում եմ։ Շատ վաղուց չէի ուզել գրել, հիմա դրա մտքերն էլ են եկել ու կռիվ են անում էն ալգորիթմների հետ։

Ես կո՞դ գրեմ, թե՞ պատմվածք։ Պետք ա մորթել հրեշներիս ու գոնե էս մեկը անգլերեն գրել, որովհետև ոգեշնչումը էն պուպուշ փիլիսոփայից էր, ո՞նց կլինի, որ նա չկարդա։ Չնայած մեկը չէ, շատ տարբեր ժամանակներից կուտակված մտքեր են, որ ուզում են դուրս գալ, իսկ ես գրելուց էնքան հետ եմ վարժվել։

Միգուցե պետք ա պրեզենտացիաս սկսե՞մ։ Չկա վախ, չկա անհանգստություն, ոգևորված եմ։ Առաջին ուսանողներս են՝ փայլուն-փայլուն աչքերով առաջին կուրսեցիներ, մինիմալ գիտելիքով մաքսիմալ մոտիվացիայով։

Արագ-արագ պատասխանում եմ մոռացված չաթերին, որովհետև ուղեղս ամեն ինչ ուզում ա, ամեն ինչ։ Օտարացում-մոռացում-օտարացում... Առաջ էնքան ծանր էի տանում, բայց հիմա գիտեմ՝ բնական ընթացքն ա, էնտրոպիան, քաոսը։ Հեռավորության վրա դժվար ա ձգել ամենը, ուզում եմ չմեղադրել ընկերներիս, չչարանալ, որ հեռու են ու ոչ միայն ֆիզիկապես։ Դրա համար էլ կան էս տասնյակ չաթերը մարդկանց հետ, ում անունները նույնիսկ չեմ հիշում։ Որովհետև միշտ պետք ա լինի մեկը, նախընտրելի է՝ շատ մեկեր։

Վաղը քնել չկա, քնել չկա։ Դաս, մանրադիտակ, դաս ու մի գիշեր՝ պրեզենտացիան անելու համար։

 Հայելու դիմաց շվեդերենն ձայնավորներն եմ ասում։ Տեսնես ինչի՞ց ա որ մենակ կարողանում եմ արտաբերել, բայց երբ մարդիկ կան, ինձ թվում ա արտասանությունս կրկեսային ու ծաղրական ա։ Ինչի՞ ես գերմանական ակցենտ ունեմ ու չեմ կարողանում նորմալ ասել «ռ» տառը։ Ուզում եմ շվեդերենին խոստանալ, որ գերմաներենի օրը չեմ գցի, որ կխոսամ։ Որովհետև ուզում եմ սովորել իսպաներեն՝ մոգական ռեալիզմի համար ու արաբերեն, որովհետև աշխարհի ամենասիրուն լեզուներից ա... Բայց որովհետև տարիներ առաջ առավոտյան 6-ին նստած էի ճոճանակին, որովհետև Դ.-ի ընկերներն էին տանը, ծիծաղում էին, իսկ ես մտածում էի, որ էլ չեմ ապրելու։ Ու մի անծանոթ արաբ անծանոթ ափփում իմ համար հեքիաթ էր պատմում ու արաբերեն երգում:

Երբ արևը դադարի ծագել,
Երբ ծառերը դադարեն շշնջալ,
Երբ բոլոր ծաղիկները թոշնեն,
Ես կմոռանամ քեզ։

Երբ մարդկանց սրտերը մեռնեն,
Երբ մենք կորցնենք հույզերը բոլոր,
Երբ կրակը սառույց դառնա,
Ես կմոռանամ քեզ

Հա, հատուկ գնացի ու ինտերնետի խորխորատներից գտա էդ մասին գրածը, երբ ծլվլում էին թռչունները, ծորում էր արաբերենը, ու ես չսպանեցի ինձ այդ առավոտ։ Ու մինչև հիմա արաբերենի հետ դրական ասոցիացեներ են ու ուզում եմ մի օր էն սիրուն բանաստեղծություններից կարդալ։ 

Ուզում եմ դուրս գալ ու վազել շենքի շուրջ շրջանաձև՝ ինչպես էլեկտրոններն արագացուցչում։ Ուզում եմ լինել ավել արագ, ավելի բարձր, ավելին, ավելին։ Ինչքա՞ն դեպրեսիվ էպիզոդներ են լինում, ու ինչքան քիչ ա էս վիճակը, երբ մի քիչ էլ ու աշխարհը քոնն ա։ Աթոռին նստած եմ, զգում եմ պտույտը, շրջապտույտը։ Հաստատ պետք ա մարտարվեստ սովորել։ Ուղեղումս հրավառություն ա, բառերով դժվար ա գրել, որովհետև զուգահեռ մի քանի միտք են էս կողմ էն կողմ անում։ Սերոտոնինի շքերթ։ Չեմ ատում ինձ։ Սիրու՞ն են չէ նանոխողովակները, համո՞վ ա չէ պաղպաղակը, օյա՞ղ ես չէ։

Օյաղ եմ արդեն շատ երկար ժամանակ։ Ու բավականին ստաբիլ։ Սիրելի ուղեղ, կլինի՞ միշտ սենց մնանք, բայց դե ամեն ինչ իր գինն ունի, ամեն բարձունքի համար մի անդունդ կա։

Շնորհակալություն, հաջողություն։


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը