Ջարդված կարծրատիպեր

Մի կում գարեջուր ու ես էլի սիրահարվում եմ Մյունխենին: Իրականում՝ գարեջուր պետք չի, որովհետև անկախ ալկոհոլի քանակից, էս քաղաքը ծիտն ա: 
Էսօր մի ամիսն ա լրանում, որ էստեղ եմ. ոնց որ ընդհանրապես ժամանակ անցած չլինի, բայց մյուս կողմից էլ Հայաստանի կյանքս էնքան հեռու ա թվում: Լավ,  վերջ, սենտիմենտալություն ու ղզիկություն չենք անում, չնայած գարեջրի շիշը ձեռքին կամրջին նստելն ու մայրամուտի ժամանակ եկող-գնացող գնացքներին նայելը մարդուն էմո էլ կդարձնի։




Մոտ մի ամիս է Մարիօյի բլոգից ոգևորված ու իմ՝ Ամերիկայում գրված օրագիր հիշելով, ուզում էի էստեղի համար էլ նման մի բան անել։ Ամեն օր մտքումս ինչ-որ գրառումներ են պտտվում ու էսօր դրանք գրելու ժամանակն ա։ 

Ինչևէ, մի ամիս առաջ մի Ռուբի առաջին անգամ ոտք դրեցի Գերմանիա: Հայաստանում մարդիկ վախեցրել էին, բա թե գերմանացիները վատն են, չոր են, փողոցում հարցերին չեն պատասխանում և այլն:
Էդ կարծիքս ավելի քան ամրապնդեց օդանավակայանի աշխատողները: Մեկին հարցրի, թե մինչև անձնագրայինը զուգարան կա, մի քանի րոպե հետո նոր չորեց՝ բա չէ, չկա: Հետո անձնագիր ստուգողը որոշեց մուննաթ գալ վրաս: Ահավոր կոպիտ հարցաքննում էր, թե ով եմ, ինչի եմ եկել, նույնիսկ կրթաթոշակս հաստատող փաստաթուղթ ուզեց, չնայած վիզայիս մեջ ամեն ինչ գրված էր: Էդ անտեր թուղթը ես ամենևին չէի ուզում վերցնել, փառք մամային, որ ինձ ստիպեց: Ինչևէ, հարցաքննությունից հետո էս ստուգիչը վիզայումս սխալ գտավ. բա թե ոնց թողենք քեզ, ծննդյանդ թիվը սխալ ա գրած: 
Ասեցի՝ բա թե ես իմ ծննդյան թիվը գիտեմ, ձեր դեսպանատունն ա մեղավոր և այլն: Չնայած գիտեի, որ ես ճիշտ եմ, բայց ոտքերս թուլանում էին էն մտքից, որ կարող ա հետ ուղարկեն։ Բարեբախտաբար, սա մի քանիսին զանգելուց հետո վերջապես որոշեց ինձ թողնել: 
Ու երբ անձնագրի ստուգումն անցա, համարյա կես ժամ նստել էի օդանավակայանում՝ չուզենալով որևէ տեղ գնալ, որովհետև էդ պահին Գերմանիան իմ համար անձնագիր ստուգողի վերաբերմունքն էր ու էն կարծրատիպերը, որ ունեի:

Հաջորդ օրը, լեզվի դպրոցում, մի հայ տղայի հետ ծանոթացա, ով չգիտես ինչի գիտեր, որ ես բիոֆիզիկա եմ սովորելու և այլն: Պարզվում է՝ իրենք հերթում ինձնից հետո են եղել, ու իմ կռիվները լա՜վ լսել են: Հետո իրենցից մեկի անձնագիրը նայելուց էդ գյադան նաև դժգոհել ա «որ էսքան հայերը DAAD-ի կրթաթոշակով գալիս են Գերմանիա»:

Ինձ սարսափեցնում էր նաև էն միտքը, որ երկու ամիս պետք է մեկի տանն ապրեմ ու մտածում էի մի չոր, մուննաթ էակ էլ տանտիրուհիս կլինի։ Օդանավակայանից տուն հասնելը տառապանք էր, որովհետև ունեցածս մի տպած քարտեզ էր. ո՛չ նորմալ հեռախոս ունեի, ո՛չ ինտերնետ, իսկ մարդկանց մտադրվել էի ոչինչ չհարցնել։ Քսան րոպե օդանավակայանում թափառելուց հետո վերջապես գտա քաղաք տանող գնացքը։ Երբ գնացքից իջա ու մոլորված փողոցներում էի թափառում, երկու անցորդ առանց իմ կողմից որևէ հարցի մոտեցան ու իրենց օգնությունն առաջարկեցին, հետո վարորդն էլ օգնեց, որ տոմսն առնեմ։ Էս մարդկանց վերաբերմունքը ոնց որ մուրճով բռներ-փշրեր կարծրատիպերս, ու էդպես բերանս մինչև ականջներս բացած հասա տուն, որտեղ ամենահավես ու հոգատար տանտիրուհին էր։

Իսկ բավարացիներն ընդհանուր առմամբ վերջն են։ Փողոցում մարդկանցից շատերը գարեջուր են խմում՝ ու բավականին էլ շատ, բայց դեռ չեմ տեսել, որ վեճեր կամ կռիվներ լինեն։ Շատերն ազգային շորեր են հագնում, նույնիսկ՝ գեյֆեստերի ժամանակ։ Մարդիկ մի տեսակ ուրախ, հավեսով ու գարեջրված ապրում են։

Հա, ու ի դեպ, օդանավակայանի աշխատողներն էսքան ժամանակ հանդիպածս միակ մարդիկ էին, որ կոպտել են ինձ։ Մնացած ամեն ինչ արդար ա, «սառն» ու «չոր» գերմանացիք էլ միֆ են, համենայն դեպս՝ Մյունխենում։


Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը