Զալցբուրգ. աղի քաղաքը (և վարունգներ)

Զալցբուրգ կարելի գնալ Բավարիայի տրանսպորտի տոմսով: Զարմանալի չէր լինի եթե քաղաքը Բավարիայում լիներ, բայց դեռ ավելին, այն իսկի Գերմանիայում չի, Ավստրիայում է։ Ինչևէ, չգիտեի, բայց նոր վիկին ասեց, որ ժամանակին Զալցբուրգը Բավարիայի մաս ա կազմել, հետո անկախացել ա։ Մեր տրանսպորտի կազմակերպությունն էլ երևի դեռ 13-րդ դարում է։

Զալցբուրգում ինձ Մալինը դիմավորեց։ Իր հետ վերջերս ինտերնետով էի ծանոթացել, հետո ինքը մի օր Մյունխենում էր, ինձ երևակայելով քաղաքի տեսարժան վայրերն էի ցույց տալիս։ Հիմա հերթն իրենն էր։

Առաջին հայացքից թվում էր, որ Զալցբուրգն ընդհանրապես չի տարբերվում Մյունխենից, բայց աստիճանաբար հասկացա, որ շատ ուրիշ ա: Քաղաքի շինությունների մեծ մասը՝ շենքեր, եկեղեցիներ, կառուցված էին շատ փոքր տարածության վրա, համարյա իրար կպած: Փողոցիկներն էլ նեղլիկ էին, բայց հավես: Հա, ու ռելիեֆն էլ Մյունխենի պես հարթ չէր: Զալցբուրգի շուրջ ժայռեր են, ու որոշ շենքեր հենց ժայռի մեջ են ներկառուցված:

Լիքը գմբեթներ՝ ինչ-որ բարձրոտ տեղից

Սիրուն քաղաքով հոսող գետը միշտ նրան ավելի սիրուն ա դարձնում: Զալցբուրգի գետն էլ Զալցախն ա: Էդ քաղաքում ոնց որ ամեն ինչ աղի հետ կապված լինի ( թարգմանաբար "salz" նշանակում է աղ): Ասում են՝ ժամանակին աղի փոխադրման ճանապարհ է եղել դրա համար էլ էդպես են կոչել թե՛ քաղաքը, թե՛ գետը: Ըհը, վերնագրիս աղն ունեցանք, մնաց վարունգը:

«Մարդիկ նման են վարունգների. չաղ ու նիհար, մեծ ու փոքր, հարթ ու խորդուբորդ» ասել էր քանդակագործն ու վարունգներ ճպցրել Շիլլերի արձանի դիմաց: Իսկ ինձ թվում էր, որ քանդակել են Շիլլերին, նյութից մնացել ա ու ամենահեշտ բանն էլ վարունգ սարքելն էր:



Ու աղից և վարունգից բացի, Զալցբուրգում նաև լիքը ձիեր, հատկապես՝ Պեգասներ կային: Քաղաքի կենտրոնում համարյա ամենուր թևավոր և անթև ձիեր էին, բայց երբեմն միաեղջյուրներ էլ էին հանդիպում։




Զալցբուրգը Գերմանիայից ահագին տարբեր ա ոչ միայն  արտաքինով, այլ նաև կենսակերպով: Օրինակ, շաբաթ օրով, երեկոյան ուշ էնտեղ բաց խանութ կար, իսկ Մյունխենում բաց են միայն կենտրոնական կայարանի փոքրիկ բիստրոները: Նաև, Ավստրիայում շշերի համար չես վճարում, իսկ Գերմանիայում համարյա բոլոր պլաստիկից ու ապակյա շշերի համար 25 ցենտ ես վճարում, հետո դրաբք վերադարձնում և գումարի համար չեք ստանում, որն էլ կարելի է օգտագործել խանութում:

Բայց մի քանի բան Զալցբուրգում լրիվ նույնն էին. բավարական ակցենտը, տարազներն ու փողոցում հնչող երաժշտությունը:


Վերջում Մալինն ինձ Rockhaus երկիմաստ անունով փաբ տարավ։ Էնտեղ հա՛մ ռոք էր հնչում, համ էլ ներկառուցված էր ժայռի մեջ։ Ու էս գրառումն էլ, չտարբերվելով գերմանականներից, կավարտվի մի գավաթ գարեջրով։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը