Սպիտակ վարդն ու գարեջրի պաղպաղակը

Մեր գերմաներենի դասատուն՝ Մոնիկան որոշել էր մեզ էքսկուրսիա տանել: Իր միակ պայմանն այն էր, որ ընթացքում միայն գերմաներեն խոսենք: Իհարկե, հաճախ գերմաներենին խառնվում էր ոմանց իսպաներենն ու ռուսերենը, հետո քիչ-քիչ անցում էր կատարվում անգլերենին, բայց հենց Մոնիկան մոտենում էր, բոլորը հիշում էին իրենց գերմաներենը: 

Առաջին «կանգառը» LMU-ն էր՝ Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարանը, որը Մյունխենի ամենահայտնի ու հին համալսարաններից է:  

Գերմաներենի A2.1 խումբն ու Մոնիկան

Շատ ու շատ գերմանացիների համար էդ համալսարանի հետ կապված առաջին ասոցիացիան «Սպիտակ վարդն» է. մի ուսանողական կազմակերպություն, որը փորձել է պայքարել ֆաշիստական տիրապետության դեմ՝ թռուցիկներ և կոչեր պատրաստելով ու տարածելով: Կազմակերպության հիմնադիրները քույր ու եղբայր էին՝ Հանս ու Սոֆիա Շոլլը, ովքեր, իհարկե, գնդակահարվել են, երբ իրենց գործունեության մասին խաբար են տվել ֆաշիստներին: 


Կազմակերպությանը նվիրված արձանը, որի մոտ միշտ սպիտակ վարդ են դնում


Ընդհանրապես, հասցրել եմ նկատել, որ գերմանացիները օտարերկրացիներին առաջին հերթին ուզում են ծանոթացնել իրենց հերոսների՝ էն մարդկանց կյանքի հետ, ովքեր պայքարել են ֆաշիստների դեմ: 

Իսկ LMU-ի տարածքից դուրս գալուց անմիջապես հետո մի պաղպաղականոց կար, որի մասին Մոնիկան դասի ժամանակ լիքը պատմել էր: Ասել էր, որ անունը՝ "Der Verrückte Eismacher" («Խենթ պաղպաղակագործը») է ու այնտեղ նրբերշիկի ու գարեջրի պաղպաղակներ կային: Իհարկե, էդ պաղպաղակներն ահավոր տարօրինակ ու հետաքրքիր էին թվում, բայց դե  իրական անունն էր "Der Verrückte Eismacher im Wunderland" («Խենթ պաղպաղակագործը հրաշքների աշխարհում»): Դե երևի արդեն բոլորին էլ պարզ է, որ նախշուն գրքի մոտիվներով էր ամբողջ պաղպաղականոցը, ու որ խենթ պաղպաղակագործն էլ գլխարկագործից էր ոգեշնչված։ Ու ես արդեն սիրահարվել էի՝ առանց պաղպաղակը փորձելու։

Պատի կարմիր թագուհին ստիպում էր պաղպաղակ գնել

Հավանաբար էդ տեղը շատ հայտնի էր, քանի որ մի հինգ րոպե հերթ ենք կանգնել: Հավես էր համ էլ, որ պաղպաղակը փորձելու հնարավորություն էին տալիս մինչև գնելը: Գարեջրի պաղպաղակը փորձեցի՝ մտածելով, որ հաստատ ինձ դուր չի գա, բայց դա աշխարհի ամենահամով բաներից էր, որ կերել էի: Համն աննկարագրելի էր. հա՛մ պաղպաղակի քաղցրությունը կար, հա՛մ գարեջրի թթվադառնությունը: Իսկ նրբերշիկի ու մանանեխի պաղպաղակն կերածսամենաամենատարօրինակ բանն էր: Մի օր կգնամ փողերս կմսխեմ այդ պաղպաղականոցում, անշուշտ: 

Հաջորդ ուղղությունը TUM-ն էր՝ Մյունխենի տեխնիկական համալսարանը, բայց դա առանձնապես հետաքրքիր չէր, կամ էլ մենք էինք հոգնել: 
Դրանից հետո էլ մի քանի հոգով  որոշեցինք Անգլիական այգու մի  biergarten` գարեջրատուն գնալ: Ու քանի որ եղանակը պայծառ ու արևոտ էր, այգում լիքը տկլոր տատի-պապիներ տեսանք: Մարդ բա իրենց պես անկոմպլեքս չլինե՞ր։

Իսկ այստեղ կարող էր լինել նաև բիերգարտենի նկարագրությունը, բայց դա մի ամբողջ առանձին մշակույթ ա ու  մի անգամ առանձին գրառմամբ կպատմեմ։ Իսկ այս գրառումը կավարտվի գարեջրի 1 լիտրանոց բաժակի անդուր ֆոտոյով։ 






Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը