Ռոմանծիկ - լուսնածիկ

Հազվադեպ, բայց պատահում է, որ ֆիզիկայի ու շրջապատող աշխարհի մասին այլ գիտելիքներն ընդհանրապես չեն խանգարում, որ աշխարհը լինի նույնքան կախարդական ու սիրուն, ոնց որ փոքր ժամանակ էր: 
Երբեմն հեչ կապ չունի, որ գիտես Լուսնի՝ Երկրից ունեցած հեռավորությունը, շառավիղը, գրավիտացիոն հաստատունը, մեկ է թվում է, որ մի քիչ բարձր թռնես, ձեռքդ կհասնի իրեն: 

Անտառով քայլում եմ, բայց ոչ թե տուն եմ գնում, այլ ուղղակի գնում դեպի Լուսինը: Թվում ա՝ անտառը հենց վերջանա, կհասնեմ իրեն: Անտառը վերջանում ա, բայց չեմ հասել: Թվում ա՝ կանգնեմ նստարանին, կկարողանամ բռնել: Չէ, չի ստացվում: Ծառը բարձրանալուց միգուցե հաստատ բռնեի, բայց չէ, ես ծառ բարձրանալ չգիտեմ: 
— Ռուբի, մոտ 380 000 կմ... 
Չէ, չկա նման բան, արդեն հասնում եմ: Ամպերն իմ քայլելուն զուգահեռ լողում են ու մեր ետևում երկինքը պարզ է ու աստղալից: Լուսնին էլ չեմ ուզում բռնել, հիմա որոշեցի ամպերի հետևից վազել, տեսնենք ո՞վ է ավելի արագ: 
Ամպերըջրի մանր կաթիլների կուտակում չեն, իրենք փափուկ-փափուկ են: Այ որ բարձրանայի դիմացի սարին ու իրենք էդքան արագ չփախնեին, կթռնեի իրենց վրա, կփաթաթվեի, Լուսինը կանջատեի ու փափուկ կքնեի:
Ամպերը բայց շատ արագը դուրս եկան. մինչ ես հրճվում էի ու իրենց տակից երևացող աստղերը հաշվում, իրենք հասցրեցին հեռու-հեռու լողալ: Իմ փափուկ վերմակ-դոշակները... 
— Համարյա հասնում եմ տուն, հաջո՛ղ Լուս ջան: 
— Հաջող, Ռուբ ջան, կհանդիպենք հաջորդ քննությանդ նախօրեին: 
— Դու կլինե՞ս, չէ՞... 
Լուսն ու վրայի նապաստակները նենց են ժպտում, որ մի հատ էլ ուզում եմ համենայն դեպս բարձրանալ տանիքին ու էդ մռութ, լուսավոր գնդին գրկել, բայց դանդաղ գլորվում եմ տուն: 

Մենք Ռուբիներն ենք, որ ցերեկը գիտությամբ են զբաղվում, իսկ գիշերը Լուսին բռնում ու ամպերի հետևից վազում: 

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը