Ուլմը մենակ համալսարանը չի

Մինչև Ուլմ գալը, էս քաղաքի մասին Գուգլը երեք բան էր ասել. նախ որ Այնշտայնն այստեղ է ծնվել, երկրորդ՝ էստեղ ամենաբարձր եկեղեցին է գտնվում, մեկ էլ, որ քաղաքի կենտրոնով հոսում է Դանուբը՝ բաժանելով քաղաքը երկու մասերի, որոնցից մեկը Բադեն-Վյուրթեմբերգ նահանգում է, մյուսը՝ Բավարիա։ 

Ուլմի տաճարը
Դե, համարյա կես տարի էստեղ ապրելով ոչ Ուլմի մասին ավելի շատ բան իմացա, ոչ էլ ընդհանրապես գերմաներենս լավացավ, որովհետև տուն-համալսարան-սուպերմարկետ եռանկյունուց համարյա չէի շեղվում։ Դե իմ ալարելու մասին էլ կարամ հանգիստ լեգենդներ հորինել։
Իմ վիճակը լավագույնը նկարագրում է էն դեպքը, երբ ես ու Լիլիթը մարտի սկզբին հրապարակում էինք, ես անակնկալի եկա, որ տոնածառն «էսքան շուտ» հանել են։ Նախորդ անգամ երևի Նոր Տարուն էի կենտրոնում եղել։ Ու ում ասում եմ, ղժում են վրես, բայց ես նույնիսկ ալարել եմ մտնել տաճարի ներսը։
Էսքան ամիսների ընթացքում  Դանուբի ափ էլ մի անգամ էի գնացել։ Քննություններիս բարեհաջող ավարտից հետո ինձ Գեյմանի «Norse Mythology»-ն նվիրեցի, ու թռա վայելելու հանգիստ գեղարվեստական գիրք կարդալու հաճույքը, ինչից ահագին զրկված էի վերջին շրջանում։
Դանուբի ափի սակավամարդ մասերից։ Ափը, որից ֆոտոն արել եմ Ուլմում է, իսկ դիմացինը՝ Նոր Ուլմում։
Ու վերահայտնաբերեցի, որ այն տեղը, որը ես գյուղ եմ կոչում, բավականին էլ սիրունիկ քաղաք է։ Երբ նոր էի եկել, նկատել էի, որ «հին քաղաքը» սիրուն ու դրական տեղ է, բայց արդեն հասցրել էի մոռանալ։  Հայտնաբերեցի նաև մի ցուցանակ, որին գրված էր, որ 1400-ականներին (կոնկրետ թիվը չեմ հիշում), կանանց արգելել են մսագործությամբ զբաղվել։ Ու գերմանացի տիկնայք բողոքի ցույցեր են արել ու վերականգնել՝ մորթելու ու վաճառելու իրենց իրավունքը։
Հա, ու երբ արև է, գետափին լիքը մարդիկ են նստած, պառկած՝ նույնիսկ զագառ են ընդունում։ Որորները հիստերիկ ճվճվում են, բադերը գալիս մարդկանց ուտելիքները փախցնում ու ժամանակ առ ժամանակ լաստեր են անցնում։


Մի քիչ անմարդաբնակ տեղ գտնելուց հետո գիրքս էի վայելում, երբ ինչ-որ պահի խոզի խռխռոց թվացող ձայնն լսեցի։ Աչքերս բարձրացնելով տեսա, որ մի ինքնասիրահարված կարապ է ու նենց է լողում, ոնց որ էդ գետն ու քաղաքն իրեն էին պատկանում։

Արև մտավ մայր, ծտերը թռան քնելու, ես էլ՝ տուն։ Սկանդինավյան միֆերը կայֆն են, հատկապես, երբ Թորը հարսի շոր է հագնում, իսկ էն քաղաքը, որտեղ ապրում ես, արժի լավ ճանաչել։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը