Անասնագոմ

Ես ապրում եմ անասնագոմում։

Իհարկե՛, կարելի է էսքան կոպիտ չլինել, բայց ինչպես իմ շատ սիրելի դասախոսներից մեկն էր ասում՝ եթե ճնշումը նշանակենք ոչ թե «P» տառով, այլ «Ճ», դրանից ոչինչ չի փոխվի։
Հետևաբար, եթե հանրակացարանիս ասեմ անասնագոմ թե ապարանք, դրանից նրա օբյեկտիվ նկարագիրը չի փոխվի։ Ուրեմն պատկերացրեք մի շենք, որը կլինի երևի 60-70 տարեկան, որին ես կանվանեի «սովետական հանրակացարան», եթե ասենք չիմանայի, որ Գերմանիայի հարավը Սովետի հետ ոչ մի կապ չունի։
Ուրեմն, այստեղ իմ բաղնիք-զուգարանում տնավորված են խավարասերները։ Այսինքն՝ նրանք ստանդարտ խավարասեր չեն, այլ ինչ-որ մանր ու սև էակներ, որոնցից սարսափում էի երբ նոր էի եկել։ Հիմա արդեն հարմարվել ենք մեկ մեկու։


Երբ դուրս ես գալիս ընդհանուր միջանցք, դռների բռնակներն էնքան կեղտոտ են, որ չես ուզում կպնել, լվացքի մեքենաներին դայաղված, հա՛, հենց դայաղված ա լվացքի փոշու և հեղուկի դարավոր շերտը։
Նախկին գործընկերներիցս մեկն ասում էր, որ հավաքարարն ամենակարևոր մասնագիտություններից ա։ Ծիծաղում էինք, անցնում գնում էր, բայց հիմա լրիվ լուրջ հավատում եմ, որ էն մարդիկ, ովքեր պատասխանատու են հավաքելու և մաքրելու համար, ամենակարևորն են տարածքում։ Էդ մարդիկ ու մենք՝ ինչ-որ բան հավաքել-մաքրելուց, նվազեցնում ենք միջավայրի էնտրոպիան։ Իսկ երբ շրջակա քաոսը շատ ա աճում, ուղղակիորեն չի ստացվում ապրելը։
Վերադառնանք հանրակացարանի լվացքատանը, որտեղ բացի փոշուց ու կեղտից, լավ վայրի ֆլորա ու ֆաունա կա։ Դրսից աճող խոտ մոտերը սողոսկում են պատուհաններից, ու ամեն բոլոր անկյուններում հսկայական սարդեր են տնավորված։ Մի սարսափազդու մեծ սարդ կար, որ վախենում էի։ Իրականում ես սարդաֆոբիա չունեմ, բայց ամեն անգամ ստուգում էի, թե արդյո՞ք սարդը տեղում ա, որ հանկարծ շորերիս մեջ մտած չլինի։ Մի օր էլ հանկարծ նկատեցի, որ ախր չափից դուրս տեղում ա, ոչ մի անգամ իր դիրքը չէր փոխել. նա վաղուց սարդի դիակ էր։

Այդ հրաշք վայրում կա 4 լվացքի մեքենա, որոնց ազատ բռնացնելը դեռ ամենաբարդը չէ։ Արդեն երրորդ անգամ լվացքի մեքենաներից մեկը փողերս «ուտում ա» ու չի անում լվացքը։ Դե, արդեն սև ցուցակ ունեմ լվացքի մեքենաների, միայն մեկն ա դեռ մնացել, որ վնասատվություն չի արել։ Ու ամենավատը ոչ թե փող ուտելն ա, այլ որ քմահաճը միայն 50 սենթանոցներ ա ընդունում ու որ փողերդ ուտելուց հետո, հնարավոր է էլ չկարողանաս լվացք անել, որովհետև անսպառ չեն էդ անտե՛ր կոպեկները։ Ու էսօր էլ, երբ վերջին երկու 50 սենթս զոհեցի լվացքի աստվածներին, մեկ ժամից եկա լվացքս փռելու, նկատեցի, որ անասունը չի էլ երբևէ մտածել լվանալու մասին։ Ու լավ է դեռ բաց խանութ կար, որտեղ արդեն չեմ հիշում քանիերորդ անգամ խնդրել եմ, որ իմ ամբողջ մանրը 50 սենթերով տան...

Լեգենդներն ասում են, որ այստեղ, 1-2 կմ հեռավորության վրա մեկ այլ հանրակացարան կա, որտեղ սենյակները մեծ են ու լուսավոր, որտեղ խավարասերներ չկան, որի շինարարությունը նոր է ավարտվել։ Ասում են նույնիսկ, որ լվացքի մեքենաները ուսանողական քարտով են աշխատում։ Մի քանի ամիս առաջ դիմումը լրացրել էի տեղավոխվելու, բայց էդպես էլ չարեցի...
Իսկ գիտե՞ք ինչու։ Որովհետև էս քաղաքում իմ ամենասիրելի բաներից մեկը տուն-համալսարան ճանապարհն ա՝ իր բլրակներով, եգիպտացորենի դաշտով ու փոքրիկ անտառակով։ Էդ ճանապարհը, որով քայլել եմ առավոտներն ու գիշերները, անձրևին ու պայծառ եղանակին, որը պարզ գիշերներին լուսավորվում ա աստղերով, իսկ մառախուղի ժամանակ նույնիսկ լապտերը չի օգնում։ 
Հա՛, այ սենց ռոմանտիկն եմ։

Comments

Ամենաշատ ընթերցված

Բուհական կրթության տարբերություններ. Գերմանիա և Հայաստան

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անկշռություն

Ամանորյա հեքիաթ կամ բոմժի քրոնիկները

Մյունխենից Ուլմ կամ տեղափոխվելու տառապանքը